Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/428

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինձնից, երբ տեսնեիր, որ քո դեպի ինձ ունեցած սերտ բարեկամության մեջ զանազան նախանձախնդիրներ լոկ ստոր հաշիվներ են տեսնում քո կողմից։ Ինչպես չէիր ձանձրանում իմ ամենահիմար խոսակցությունից, որ միշտ այն մասին էր լինում, թե գիշերը պարահանդեսում ո՛ւմ հետ պարեցի, ո՛ւմ հետ ծանոթացա, ո՛վ ինչպիսի նոր հագուստ ուներ, թե թատրոնում ի՛նչ օպերա էին ներկայացնում, ո՛վ ինչպես էր երգում, ո՛վ կար այնտեղ աչքի ընկնող, թե ի՛նչ նոր մոդա է եկել, ի՛նչ նոր հագուստ պիտի կարել տայի ինձ համար, թե այսինչ օրը որտեղ եմ հրավիրված...— Անշուշտ դրա համար ես պարտական եմ քո զիջող, սիրող բնավորությանը և խղճահարությանը, որով կամենում էիր ինձ գոնե փոքր֊ինչ խելքի բերել...

Ախ, անգին քույրիկս, որքա՜ն սիրում եմ քեզ։ Որքան շատ եմ մտածում մեր բարեկամության մասին, այնքան սիրտս ավելի ու ավելի է կապվում քեզ հետ, որովհետև գնահատությունդ նոր եմ հասկանում։ Ուզում եմ, որ այդ անցյալը գոնե մի րոպե վերադառնա, և ես առատաբուխ ջերմ զգացմունքներով հատուցանեմ քեզ քո դեպի ինձ տածած անկեղծ բարեկամության փոխարենը։ Չես կարող երևակայել, թե որքա՜ն կարոտում եմ քեզ այժմ։ Եվ ի՞նչպես չկարոտեմ, քանի որ ամբողջ երկու տարի է անցել այն օրից, երբ դու վերջին անգամ եկար մեր տուն հրաժեշտիդ ողջույնը տալու մեզ։ Այդ օրը հիշում եմ, ինչպես երեկը։ Ի՜նչ սքանչելի օր էր այդ։— Շաբաթ երեկո էր։ Տան բոլոր դռներն ու լուսամուտները բաց էին դեպի պատշգամբը։ Մայիսյան թարմ, զովարար օդը, որ ես միշտ համեմատել եմ քնած քնքշիկ մանկան անլսելի շնչառության հետ, ամենայն առատությամբ ներս էր մտնում սենյակները։ Արևի ճառագայթները՝ բեկվելով լուսամուտների ապակիների մեջ՝ անդրադառնում էին հանդեպի պատերի վրա աղոտ և անջերմ լուսով։ Պատշգամբում չարաճճի ծտերն իրենց ուրախ ծլվլոցով ահագին աղմուկ էին հանում. նրանց ծլվլոցի ձայնը պարզ օդում արձագանք էր տալիս։ Որքա՜ն սիրելի է գարունը, երբ երգում են թռչունները։ Ի՞նչ կլիներ գարունը, եթե թռչուններ չլինեին.— նա անշուշտ կկորցներ իր հրապույրի կեսը, ինչպես ուրախ,