Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/435

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աստված քեզ և ընտանիքիդ երկար կյանքի հետ առողջություն տա... երկար կյանքն առանց առողջության, իհարկե, մի կոպեկ չարժե. այդպես չէ՞, աղա Գևորգ։

— Այդպես է, այդպես... շարունակիր,— մեքենայաբար կրկնեց հայրս, առաջվա նման մտախոհությամբ նայելով քաղաքին։ Նա կարծես այլևս չէր լսում Թոմաս Գասպարիչին։

— Հետո խնդրում էի,— շարունակեց Թոմաս Գասպարիչը,— որ ամենակարողն աստված գործիդ հաջողություն տա, սրտիդ բարի ցանկություններին կատարումն տա, ուրախություն, երջանկություն տա, որդոցդ բարի միտք և սիրտ տա, որ քեզ սիրեն, հարգեն և պատվեն... Խնդրում էի, որ քեզ և բոլոր ընտանիքիդ ամեն չարից հեռու պահի, սատանայի փորձությունից ազատ պահի, թշնամու սրտով չանե. «փրկյա զիս իր ձեռաց թշնամյաց և ի հալածչաց իմոց», խնդրում էի, որ իր սուրբ ողորմությունը միշտ անպակաս անի քեզնից և քո ընտանիքից. «ողորմություն քո, տեր, զհետ իմ եկեսցե զամենայն ավուրս կենաց իմոց»...

Նա լռեց և կարծես նոր տեսավ, որ հայրս ոչ նայում էր և ոչ լսում նրան։ Նա գլուխը փոքր-ինչ թեքելով, առաջ տարավ, որպեսզի լավ նայի հորս դեմքին, որ ամբողջապես դեպի քաղաքն էր դարձած։

— Հը, ի՞նչ է, պրծա՞ր,— մտախոհությունից սթափվելով և դեմքը դեպի նա դարձնելով, հարցրեց հայրս։

— Ես պրծա, աղա Գևորգ, բայց դու ինձ չէիր լսում, կարծես։

— Կարծե՜ս,— հարեց հայրս ծաղրական եղանակով։— Ընդհակառակն, իմ պատվելի տիտուլյարնի սովետնիկ, ես քո պատմածն ավելի լավ էի լսում, քան թե դու ինքդ... Բայց այդ թողնենք, ուրիշ բան խոսենք... Ինչ նոր լուր ունես, ասա տեսնենք։

— Է՛հ, աղա Գևորգ, ես ինչ նոր լուր պետք է գիտենամ. բացի եկեղեցուց, ո՞ւր եմ գնում, որ ինչ լուր լսեմ... Լրագիրը դուք եք ստանում, նոր լուրերը դու կլինես կարդացած։

— Այս քանի ժամանակ է ինչ ձեռքս լրագիր չեմ առել... Ապա գնա տես, սեղանի վրա կլինի լրագիրը, բեր կարդա