Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նա կարող էր չհասկանալ, թե ապագայում ինչ սարսափելի հետևանքներ կարող էր ունենալ խաղալու սերը։ Ի՞նչ, մեծ է այդ սիրո, այդ մոլության զորությունը, մարդկային բոլոր գեղեցիկ հատկությունները կորցնո՞ւմ են իրենց ուժը դրա առաջ. այո՞, ճի՞շտ է այդ, հավատալո՞ւ է այդ... Ով ուզում է թող այդ ճիշտ համարի, ով ուզում է թող հավատա դրան, բայց ես չեմ հավատում. չեմ հավատում՝ որովհետև այդ անկարելի եմ համարում գոնե հորս վերաբերմամբ... Ա՜խ, մի՛ կարծիր, թե որդիական անհուն սիրուց կուրացած միայն՝ ես այսպես պաշտպանում եմ հորս. ո՛չ, ամենքն էլ, ով ճանաչում է նրան, կասեն, որ հայրս այդպես թեթևամտությամբ չէր կարող վերաբերվել դեպի իր և իր ընտանիքի երջանկությունն ու պատիվը, որքան էլ նրա մեջ բուռն ցանկությամբ գործեր խաղալու սերը, մոլությունը։

Ես ճանաչում եմ հորս, ինչպես ինքս ինձ. նրա բնավորության բոլոր կողմերը, նրա հոգին բաց էր իմ առաջ, որպես մի պատկեր իր պարզ ու որոշ գծերով, և ես համարձակ, առանց կույր կողմնապահության պետք է ասեմ, որ նրա պես ընտանիքը պաշտող և նրա պատվի համար գլուխը ետ դրած մարդ ճրագով պիտի որոնել։ Ամենավաղ մանկությունիցս, գիտակցությանս բացվելու օրից սկսած մինչև այժմ դեռ չեմ հիշում գեթ մի օր, որ նա մի վատ խոսք ասած լիներ մորս, կամ մեզ— իր գավակների վրա ձեռք լիներ բարձրացրած, նա մեզ պահել է միշտ սիրո և խաղաղության մեջ, ազատ ընտանեկան ամեն տեսակ տարաձայնություններից և երկպառակություններից, նա մեր ամենաչնչին կապրիզներն անգամ անտրտունջ բավարարել է և ընտանիքի երջանկության ու պատվի նախանձախնդիր նրա սրտի մեջ մենք միշտ հովանի կյանք ենք գտել։ Եվ այդ բոլորից հետո, ասա՛, սիրելիս, մի՞թե ես իրավունք ունեմ թեկուզ ենթադրելու, որ այդ միևնույն հայրս, որ միշտ անփոփոխ է մնացել իմ աչքում (և ես կերդվեմ, որ չեմ խաբվել), իր ընտանիքի երջանկությունը, պատիվը, ապագան, ամեն իևչ, որոնց համար կյանքը ետ ուներ դրած, այդպես թեթևամտորեն տանուլ տար կանաչ սեղանի վրա...

Ա՜խ, ո՛րքան ծանր է, ո՛րքան ծանր է, սիրելի քույրիկ...