Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անհաջողությունից, քան թե այդ հարցուփորձից։— Ասում եմ ճարեցեք՝ ճարեցեք, թե չէ, էսա, կթողնեմ կգնամ։

Ու մինչդեռ, նրա բարկությունից վախեցած, Օսանն ու մյուսները փսփսալով խորհրդակցում էին իրար հետ, թե ո՛րտեղից ճարեն լախտին կամ մաթրախը, նա նորից գոռաց անհամբեր։

— Դե շո՛ւտ. ես խո կարալ չեմ ըստեղ տասը սհաթ նստի. հրես որտեղ որ ա, կմթնի։

Օսանը, կիսատ թողնելով խորհրդակցությունը, շտապեց դուրս՝ ասելով. «Էսա, գնում եմ ճարեմ», բայց բավական ժամանակ անցավ, մինչև որ վերադարձավ մի մաթրախ ձեռքին։

Գրիգորը մաթրախն առավ և հրամայեց, որ ամենքը դուրս գնան։ Այս բանն ավելի մեծ կասկած զարթեցրեց, բայց ոչ ոք չհամարձակվեց ձայն-ծպտուն հանել, որովհետև Գրիգորն այն աստիճան դաժան կերպարանք էր առել, որ կարծես այն քաղցրախոս և ժպտերես մարդը չէր այլևս։ Միայն Թորոսն էր, որ համարձակորեն հարցրեց.

— Ես է՞լ։

— Ամե՛նքդ, ամե՛նքդ։ Դու էլ, ա՛յ լակոտ,— դարձավ Գրիգորը երեխային, որ համարձակ ցցվել էր նրա առջև, ըստ երևույթին սպասելով, թե մի նոր պաշտոն պիտի հանձնեն իրեն։

Ամենից առաջ դուրս թռավ երեխան։ Այնուհետև սուս ու փուս մեկը մյուսի հետևից դուրս գնացին Թորոսը, Օսանը և մյուսները։

— Էդ խալխին էլ քշեցեք ակոշկի մոտից, օչ ովի թողնեք ոչ մտիկ անի,— գոռաց նրանց հետևից Գրիգորը և դուռը փակեց։

* * *

Թորոսը մեծ անհանգստությամբ և մութ կասկածները սրտում նստեց հենց այնտեղ, դռան մոտ գետնի մեջ խրված սալ քարի վրա, երկայն մորուքը կախելով չորիկ-մորիկ ծնկների արանքում, իսկ Օսանը մտազբաղ դեմքով սկսեց հեռացնել