Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հայրիկ, ինձ չե՞ս ճանաչում,— հարցրի վերջապես։

Նորից նայեց ինձ, կարծես, աշխատելով մտաբերելու, թե ո՛վ եմ։

— Ոչ,— պատասխանեց միայն։

— Ես Աննան եմ, հայրիկ, ես քո աղջիկն եմ,— բացականչեցի։

— Ես աղջիկ չունեմ,— անտարբերությամբ արտասանեց և դեմքը նորից դեպի լուսամուտը դարձրեց։

— Ունես, ունես, ունես, հայրիկ, ի՞նչպես չէ, ունես աղջիկ, այդ ես եմ, ես քո Աննան եմ, մի՞թե ինձ չես հիշում։

Նա նույն անտանբերությամբ գլուխը շարժեց միայն և ոչինչ չպատասխանեց։ Հուսահատությունից, վշտից և անզորությունից պատրաստ էի աղիողորմ լաց լինելու, բայց կարողացա զսպել ինձ։

Երկար ժամանակ մենք լուռ էինք։ Առաջվա անորոշ մտախոհությամբ շարունակ նայում էր դեպի լուսամուտը, իսկ ես անթարթ՝ նրա դեմքին։ Որքա՜ն քաղցր բան էր հիշեցնում ինձ այդ դեմքը, այդ գրավիչ, այդ սիրուն, այդ փափուկ, քաղցր, միշտ ժպտող դեմքը, որ առողջ ժամանակ (հիմա էլ) նայողին, կարծես, գգվում, փայփայում էր և ակամա քաշում դեպի ինքը, սիրեցնել տալիս իրեն։ Երևակայությանս մեջ կենդանի կերպով և գիծ առ գիծ ներկայանում էին նրա այնքան ծիծաղելի ծամածռությունները, որ նա տալիս էր իր դեմքին կատակ անելիս։ Որքա՜ն սազում էին նրան այդ ծամածռությունները, որքա՜ն շնորհքով էր անում նա իր կատակները և որքա՜ն սիրում էի այդ... Հենց որ սկսում էր իր կատակները, ես սկսում էի ծիծաղել, ծիծաղում էի անդադար, մինչև որ մարմինս թուլանում էր, սիրտս ցավում և աչքերս ջրակալում էին։ Մի անգամ նստած էի դաշնամուրիս առաջ և նվագում էի, երբ հանկարծ, կիտած հոնքերով շտապով ներս մտավ և մոտեցավ ինձ։

— Աննա, քեֆս խարաբ է,— ասաց, իբրև թե մի անախորժ բանից նեղացած.— թե արևդ կսիրես, վեր կաց, ուզում եմ «Բեթխեհեմի սենատն» ածել։

«Բեթհովենի սոնատը» բառերի գիտությամբ այդ աղավաղված արտասանությունը լսելով, թողի դաշնամուրի ստեղունքները