Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ծիծաղից թուլացա։ Նա սկսեց ծաղրել ինձ՝ իմ ծիծաղիս նմանեցնելով։ Դրանից ծիծաղս ավելի սաստկացավ. նա նույնպես սաստկացրեց իր նմանողական ծիծաղը։ Ես չկարողացա դիմանալ, վեր թռա և՝ կուրծքս բռնած՝ դուրս փախա սենյակից։

Ա՜խ, ինչքա՜ն լավ ժամանակ էր այդ. ինչքա՜ն երջանիկ էր նա, ինչքա՜ն երջանիկ էի ես, ինչքա՜ն երջանիկ էինք մենք ամենքս... Իսկ ա՞յժմ... ա՞յժմ... Երջանիկ, բայց անդառնալի անցյալի և թշվառ ներկայի դառն գիտակցությունը հանկարծ այնպիսի սաստկությամբ ճմլեց սիրտս, այնպես ճմլեց, որ չեմ հասկանում, թե ինչպես կարողացա դիմանալ այդ անասելի տանջանքին։ Երկար չկարողացա մնալ նրա մոտ. արտասուքն արդեն խեղդում էր ինձ. դուրս եկա և ինչպիսի դառնությամբ ողբացի մեր երջանիկ, անդառնալի անցյալը...

Ընդունիր ողջույնս, իմ անգին քույրիկ։

Քո Աննա Սարոյան
Ը
Թիֆլիս, 14 դեկտեմբերի 1880

Սիրելի Հռհփսիմե, Հորս ցավալի դրությունն այն աստիճան զբաղեցնում էր ինձ, որ մեր ընտանիքի մյուս անդամների մասին վերջին անգամներս ոչինչ չէի գրում քեզ։ Բայց նախ պետք է ասեմ, որ հորս դրության մեջ ոչ մի փոփոխություն չի կատարվել դեպի լավը։ Նա դարձյալ ոչ ոքի չի ճանաչում։ Մայրս, որ սկզբներում սաստիկ վշտանում էր և համարյա թե միշտ լաց էր լինում, այժմ, կարծես, հաշտվել է իր դրության հետ, և այլևս ոչ մի տրտունջ չեմ լսում նրա բերանից.— նա, կարծես, տեղն ու տեղը սառել է։ Ամեն օր վաղ առավոտյան մտնում է հորս մոտ, հագցնում է, լվացվել է տալիս նրան, թեյ է խմեցնում, ձեռքից բռնած՝ սենյակում մի քանի անգամ անցուդարձ անել է տալիս, կեսօրին իր ձեռքով ճաշ է ուտեցնում և երեկոյան դարձյալ թեյ, գիշերը հանում պառկեցնում է քնելու, և այդ բոլորը կատարում է լուռ, երբեմն միայն խոր հառաչում է։ Շատ անգամ գիշերները լուսացնում է հիվանդի