Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մոտ՝ աթոռի վրա, չնայելով թախանձանքիս, որ այդ պաշտոնի կատարումը ինձ թողնի։ Ամեն անգամ, քանի նայում եմ նրա գունատ, նիհարած դեմքին և անկենդան աչքերին, վշտից և կարեկցությունից սիրտս ճմլվում է։ Երևակայում եմ, թե ո՛րքան մեծ պիտի լինի այն լուռ վիշտը, որ բույն է դրել նրա սրտում։

Սակայն միայն հորս դրությունը չէ, որ նրան այդպես տանջում է. Գրիգորի դրությունն էլ պակաս մտատանջության առարկա չէ նրա համար։ Նամակներիցս մեկի մեջ, կարծես, գրել էի քեզ, որ Գրիգորը հազում է և բժիշկների խորհրդով առժամանակ դադարել է գիմնազիոն հաճախելուց։ Իսկ այժմ պիտի ասեմ, որ նրա դրությունն էլ վատացել է։ Սկզբներում նրա հազը թեև բոլորովին կտրվեց, բայց երկու շաբաթից հետո նորից լույս ընկավ և մինչև այժմ էլ շարունակվում է, օր-օրի վրա սաստկանալով, այնպես որ, ոչ գիշերը քուն ունի, ոչ ցերեկը հանգիստ։ Ուսումը շարունակելու մասին առայժմ կարելի չէ մտածել անգամ։ Հորս դրության հետ ես համարյա հաշտվել եմ, բայց այժմ սկսել է մտատանջել ինձ Գրիգորի դրությունը, և այդ տանջանքը պակաս տանջանք չէ։ Եթե տեսնես, թե որքան նա փոխվել է, և լսես նրա հազը...

Երեկ առավոտյան ժամը տասնևմեկն էր, բայց նա դեռ չէր վեր կացել անկողնից։ Չնայելով, որ ցուրտն ու խոնավությունը ստիպում են նրան տանից դուրս չգնալ, բայց առավոտները նա միշտ իր ժամանակին էր վեր կենում և օրվա ընթացքում համարյա երբեք չէր պառկում անկողնում, որքան էլ իրեն թույլ զգար, բայց այդ օրը, ինչպես ասացի, մինչև այդ ժամանակ դեռ չէր վեր կացել անկողնից։ Փոքր-ինչ վախեցած ներս մտա նրա սենյակը։ Նա պառկած էր հանգիստ՝ երեսը դեպի պատն արած։ Կարծեցի թե քնած է, այդ պատճառով, որպեսզի չանհանգստացնեմ նրան, զգուշությամբ մոտեցա նրա մահճակալին։ Բայց նա քնած չէր, նրա աչքերը բաց էին և, ինչպես երևում էր, անձնատուր էր եղել մտածության։ Կամաց խոնարհվեցի նրա դեմքի վրա, նա տեսավ ինձ, բայց մնաց նույն դրության մեջ։

— Գրիգո՞ր, ինչպես ես,— հարցրի կամաց։

— Լավ եմ, քույրիկ,— պատասխանեց շատ հանդարտ ձայնով։