Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կերպ չեմ կարող երևակայել։ Ի նկատի ունեցիր, թե մինչև այժմ ի՛նչպես եմ մեծացել, կենսական ի՜նչպիսի պայմաններում և այսուհետև ինձ ի՛նչ է սպասում, ի՛նչպիսի կյանք։ Մանկական հասակիցս ես շրջապատված եմ եղել դայակներով և աղախիններով. ես երբեք չեմ իմացել, թե ինչ է նշանակում չոր կամ սև հաց, կերակուրս միշտ թարմ է եղել և ամենահամեղ խորտիկները։ Երբ հագուստիս վրա մի աննշան յուղ է կաթել կամ ծայրը փոքր-ինչ պատռվել, այլևս չեմ հագել այն։ Երբ մագազինների առաջով անցնելիս նրանց ցուցանակների վրա դարսոտած իրեղեններից մի որևիցե բան հավանել եմ, նույն օրը դա իմս է եղել։ Երբ մի որևէ ինձ պես հարուստ օրիորդի հագին տեսել եմ մի որևէ նորաձև շրջազգեստ, գլխարկ կամ մի ուրիշ բան և հավանել, մի քանի օրից հետո ես էլ ունեցել եմ այնպիսին։ Մի խոսքով՝ ես միշտ ապրել եմ լիության և փափկակեցության մեջ։ Բայց հանկարծ այդ բոլորից հետո— ծայրահեղ թշվառությո՜ւն, ծայրահեղ աղքատությո՜ւն, սև, չոր հաց— և այն ոչ միշտ— մութ սենյակ, անվերջ աշխատանք, մերկություն, ցուրտ, հիվանդություն, անվերջ զրկանքներ, վիշտ, տառապանք, լաց, ողբ, հալածանք, արհամարհանք, սառը կարեկցություն, վիրավորանք, ամոթ, անպատվություն, անզոր բարկություն, անպաշտպանություն, տանջա՜նք, անվերջ տանջա՜նք... Ո՜հ, բավական է. երևակայելով անգամ կարելի է խելագարվել...

Ա. Ս.
Ժ
Թիֆլիս, 2 հունվարի 1881

Սիրելի Հռիփսիմե,

Ահա և նոր տարին։ Եկավ և յուրաքանչյուրի համար նվեր բերեց այն, ինչ որ նա առաջ էլ ուներ.— երջանիկներին՝ նոր երջանկություն, ուրախացողներին՝ նոր ուրախություն, ժպտողներին՝ նոր ժպիտներ, իսկ թշվառներին՝ նոր թշվառություն, տանջվողներին՝ նոր տանջանքներ, արտասվողներին՝