Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/454

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բոլորովին անձնատուր եղա ընթերցանությանս։ Չգիտեմ որքան ժամանակ էր, որ կարդում էի, երբ սենյակիս դռան բացվելն ուշադրությունս իր կողմը գրավեց։ Ներս մտավ մայրս։ Նա նույնն էր, ինչպես տեսնում էի նրան ամեն օր,— նույն անզգա քայլվածքը, նույն մեքենայական շարժումները, դեմքի նույն մեռած արտահայտությունը, միայն այս անգամ նրա աչքերն ավելի մեծացած էին, դեմքն ավելի գունատ էր։ Ամեն տարի կաղանդի օրը միշտ, ինչպես հարկն է, առաջին անգամ ես եմ մտել մորս մոտ՝ շնորհավորելու նրա Նոր տարին, բայց այս անգամ, երևի հասկանալով դրությունս և տեսնելով, որ ես երկար ժամանակ սովորությանս համեմատ չեմ մտնում իր մոտ, նա առաջինն ինքն էր գալիս ինձ մոտ։ Նրա դեմքին նայելով, իսկույն հասկացա, որ այդ այդպես է։ Նա մոտեցավ ինձ։

— Շնորհավոր Նոր տարի, աղջիկս,— արտասանեց դողդոջուն ձայնով, գրկեց ինձ և համբուրեց ճակատս։

Այդ րոպեին հանկարծ չգիտեմ ինձ ինչ պատահեց, միայն քիչ հետո զգացի, որ ամո՜ւր, ամո՜ւր սեղմում եմ նրա մեջքը ձեռքովս, դեմքս ծածկել եմ նրա կրծքի մեջ և դառն, անտանելի դառն արտասուքները խեղդում են ինձ։ Ո՞ւր չքացավ արդյոք առաջվա սառնասրտությունս, անտարբերությունս, կատաղության և ատելության զգացմունքներս— այդպիսի բան այլևս չէի զգում, զգում էի միայն առաջվա ինձ ծանոթ վիշտը, որ այս անգամ կրկնապատիկ սաստկությամբ էր ճմլում սիրտս։

Մայրս իմ գլուխն առել էր իր ձեռքերի մեջ, և ես զգում էի, որ նա նույնպես արտասվում է և քնքշորեն համբուրում մազերս։ Վերջապես զսպեցի ինձ, թողի նրա մեջքը և նայեցի դեմքին։ Նա նույնպես թողեց ինձ։

— Ինչո՞ւ հանգստացած սիրտս նորից վրդովեցիր,— ասացի ակամա դժկամությամբ և զգացի, որ ձայնս այնպես չի հնչում, ինչպես ամեն օր խոսում էի նրա հետ։

Նա, ըստ երևույթին, հասկացավ, թե դրանով ինչ էի ուզում ասել, կամաց, շատ կամաց հառաչեց և, երևի ծանր րոպեն ավելի չծանրացնելու համար ոչինչ չպատասխանեց, այլ միայն հարցրեց.