Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եմ լսելու քեզնից այդպիսի խոսքեր, որքան էլ այդ ծանր լինի ինձ համար։

— Թող քույրդ աշխատի...

— Եվ դու ուտե՞ս,— աղաղակեց Գրիգորը մի այնպիսի եղանակով, որից երևում էր, որ նա երբեք չէր սպասում, թե Արշակից մի այդպիսի բան կարող է լսել։

Կարճ լռությունից հետո լսեցի, թե ինչպես նա սաստիկ զայրացած մոտեցավ դռան շեմքին։ Նա ներս մտավ և դուռը ամուր շրխկացնելով փակեց ետևից։ Ես արձանացած կանգնած էի սենյակի մեջտեղ և չգիտեի ինչ էր կատարվում իմ մեջ. այսքանը միայն գիտեի, որ մեծ եղբորս արտասանած վերջին խոսքերը, «թող քույրդ աշխատի»— ինձ սաստիկ ազդել էին...

— Աննա՞,— զարմացած և փոքր-ինչ վախեցած արտասանեց նա հանկարծ տեսնելով ինձ։

Երևում էր, որ չէր սպասում, թե ես այնտեղ կլինեի։ Ես չկարողացա ձայն հանել և ոչ էլ շարժվել տեղիցս։

Նա, կամաց մոտեցավ ինձ, կամաց առավ ձեռքերս և, սաստիկ կարեկցությամբ, նայելով աչքերիս, արտասանեց դողդոջուն ձայնով։

— Սիրելի՛ քույրիկս, տեսնո՞ւմ ես, տեսնո՞ւմ ես, որքան անգութ են նրանք...

— Ի՜նչ, ես կաշխատեմ,— սառնությամբ պատասխանեցի ես։

Նրա դեմքի վրա երևաց սաստիկ տանջանք։

— Աննա, սիրելիս,— շշնջաց նա, և նրա ձայնը, կարծես, հանգավ։ Նրա աչքերը լցվեցին արտասուքի փայլուն կաթիլներով. նա խոնարհվեց և սկսեց համբուրել ձեռքերս։ Ես համարյա ոչինչ չէի զգում և շարունակ կանգնած էի նույն դրության մեջ։ Հանկարծ թողեց ձեռքս և գնաց դեպի իր մահճակալ։

— Ա՛խ, ինչո՞ւ ես հիվանդ եմ,— աղաղակեց և ընկնելով անկողնի վրա, դեմքը թաքցրեց բարձի մեջ։

Այն աստիճան աղեկտուր էր նրա ձայնը, որ ցնցվեցի, և սիրտս կարծես սաստի՜կ, սաստի՜կ ճմլեցին։ Շտապեցի դեպի նա։ Նա ցնցողաբար հեկեկում էր և ցնցվելուց նրա ամբողջ մարմինը վեր ու վեր էր թռչում։ Առաջին անգամն