Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/465

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԺԲ

Անգին քույրիկ,

— Եղբայրս,— Գրիգորը մեռավ... Արտասուքը խեղդում է ինձ. էլ ուժ չունեմ գրելու...

ԺԳ
Թիֆլիս, 30 ապրիլի 1881

Ստացա անկեղծ ցավակցությանդ նամակը։ Անչափ շնորհակալ եմ և խրախուսանքիդ համար։ Առավել քան այժմ ես կարոտ եմ այդպիսի խրախուսանքների, որովհետև զգում եմ, թե ինչպես վերջին հարվածը հիմն ի վեր տապալել է ամբողջ բարոյական աշխարհս։ Ես ընկած եմ, որպես մի մարդ, որ անթիվ ծանր վերքեր ստանալուց հետո՝ ստանում է և վերջին ամենասարսափելի վերքն ուղիղ կրծքին։ Սակայն ես չեմ տրտնջում։ Փա՜ռք և գոհություն նրան, ով տնօրինում է մարդկային բախտը։ Երբ տեսնում ես, երբ զգում ես, որ տկար են ուժերդ, պետք է հպատակվես տիրապետող բարձր, անիմանալի օրենքներին, որոնց սահմանել է ինքը նախախնամողը։ Եվ ես հպատակվում եմ։ Մինչև այժմ հուսահատ պատերազմ էի մղում։ Մոլորության անդունդն արդեն բաց էր արել իմ առաջ իր ահարկու բերանը, և քիչ էր մնում, որ կուրորեն ընկնեի նրա մեջ։ Բայց ի՞նչ շահեցի դրանից.— ա՛յն, որ տանջանքներս կրկնապատկվեցին, ա՛յն, որ մեղք գործեցի և ի վերջո ընկա հաղթված։ Այո՜, ես այժմ ընկած եմ. հպարտ գլուխս այլևս չի հանդգնում վերև նայել. նա խոնարհված է և միշտ խոնարհ կմնա։ Թող այսուհետև ինչ կուզե լինի— ես հաշտվել եմ ամեն բանի հետ։ Եվ դու չես կարող երևակայել, սիրելի Հռիփսիմե, թե որքան հանգիստ եմ այժմ։ Եթե կուրծքս ճղեն և հանեն սիրտս, նրան սառած կգտնեն։ Կարծես ես այլևս չեմ ապրում։ Եվ այդ պատճառով, առանց գեթ մի փոքր հուզվելու, այժմ համարձակ կարող եմ նկարագրել քեզ եղբորս վերջին ժամերն ու մահն իրենց բոլոր մանրամասնություններով։ Եվ պետք է նկարագրեմ։ Թող