Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/468

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց հանկարծ նրան լսելիս՝ մի ինչ֊որ անորոշ երկյուղ պաշարեց ինձ։ «Այս ի՞նչպես է խոսում սա այսօր»— այդ հարցն ակամա ծագեց գլխումս։ Իսկ նա խոսում էր մի ուրիշ տեսակ, ոչ այնպես, ինչպես ամեն անգամ խոսում էր այդպիսի բաների մասին, նրա ձայնը հնչում էր տխուր, բայց մի ինչ֊որ վեհ, սրբազան ոգևորությամբ։ Նա նայում էլ էր ուրիշ տեսակ։ Նրա հայացքը վառվում էր, դրանով կարծես ուզում էր ուժ տալ իր խոսքերի ազդեցությանը...

— Գրիգո՛ր, ինչո՞ւ այսօր այսպես ես խոսում,— չկարողանալով դիմանալ, հարցրի կարճ լռությունից հետո։

— Ինչո՞ւ,— արտասանեց քնքշորեն, նայեց աչքերիս և մի տեսակ օտարոտի կերպով ժպտաց։— Որովհետև պետք է... մեռնեմ,— ավելացրեց հանդարտ ձայնով, բայց վերջին բառն արտասանեց այնքան կամաց, որ հազիվ լսեցի։

Չգիտեմ այդ րոպեին ինչ պատահեց ինձ, միայն ամուր գրկեցի նրան. կարծեցի, թե նույն րոպեին հավիտյան պիտի անհետանար աչքիս առաջից։

— Գրիգո՛ր, իհարկե, կատակ ես անում,— շշնջացի, ինքս իմ ձայնից վախենալով։

Դարձյալ նայեց աչքերիս, և տեսա, թե ինչպես ժպիտը հանկարծ անհետացավ նրա դեմքից և այդ դեմքն ընդունեց տխուր, վշտալից արտահայտություն։ Նա ոչինչ չպատասխանեց, միայն երկար նայեց աչքերիս և դեմքը շրջեց դեպի լուսամուտը։ Այժմ նայում էի նրան համարյա սարսափով, հա՛մ ուզում էի փախչել նրանից, հա՛մ գրկիցս բաց չթողնել...

Չգիտեմ որքան ժամանակ այդպես անցավ, երբ նա, շարունակ դուրս նայելով, առաջվա նման, բայց այս անգամ շատ տխուր ձայնով շշնջաց.

— Հիշո՞ւմ ես, քույրիկ— այն ժամանակ մենք դեռ շատ փոքր էինք, ես տասը տարեկան էի, դու՝ յոթ— գնացել էինք տետրակներ առնելու և ետ էինք գալիս։ Ճանապարհին մեզ մի կատաղած եզ պատահեց։ Ամենքն երկյուղից մի կողմն էին փախչում և թաքնվում առաջին պատահած տեղը։ Մենք շատ վատ տեղովն էինք անցնում, այնտեղ ոչ խանութ կար, ոչ բակ, որտեղ մենք էլ կարող լինեինք թաքնվել։ Ճարահատյալ կանգնեցինք այնտեղ գտնված մի տան պատի տակ։