Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խե՜ղճ, խեղճ Աննա... Եվ եղբայրս էլ հույս ուներ ինձնից, թե կարող եմ աշխատել... Ո՜հ, որքա՜ն անտանելի է դրությունս։ Ինքս ինձնից սարսափում եմ։ Գոնե չունենայի սրտիս մեջ՝ դեռ մանկությանս հասակից սերմանված՝ հպարտությունը, այս գոռոզությունը, գոնե կարողանայի՝ տանել ինձ տված արդարացի հանդիմանությունները, գոնե սիրտս կարողանար հաշտվել ուղեղիս հետ— այն ժամանակ... Իսկ այժմ... կատարելապես իրավունք ունեմ ասելու, որ ես իսկապես թշվառ եմ... Ա՜խ, ա՜խ, անգի՛ն քույրիկ... սրտիս և ուղեղիս մեջ դժոխք կա...

Քո Ա. Ս.
ԺԸ
Թիֆլիս,10 սեպտեմբերի 1881

Սիրելի Հռիփսիմե,

Աղքատ տեղովդ ինձ քսան ռուբլի ես ուղարկել։ Ինչո՞ւ... ինչո՞ւ ես ուղարկել... և դեռ ներողություն էլ ես խնդրում, որ ուշ ես ուղարկում, որովհետև ռոճիկդ նոր ես ստացել... Բայց քեզ ո՞վ ասաց, որ ուղարկես... նպատակդ ի՞նչ էր, որ ուղարկել ես,,. Ինձ ծաղրե՞լ, ինձ հանդիմանե՞լ... Այո՞... Կարծես թե ինքս ինձ քիչ եմ ծաղրում, կարծես թե ինքս ինձ քիչ եմ հանդիմանում... Եվ գրում ես, որ շնորհակալություն չգրեմ քեզ։ Մի՞թե կարծում էիր, որ շնորհակալություն կգրեմ։ Ի՞նչ բանի համար.— որ տանջանքս կրկնապտտկեցի՞ր... որ ինքս ինձ ավելի ատել տվեցի՞ր... որ մի անգամից ցույց տվիր, թե որքան չնչին և անպե՞տք եմ ես՝ քեզ հետ համեմատած... Երբ բաց արի ծրարը, հանեցի միջից ուղարկածդ թղթադրամները և կարդացի նամակդ— արյունս գլխիս խփեց։ Կատաղությունից, ամոթից ու անզորությունից լաց եղա... Աստվա՛ծ իմ, այն ինչ արտասուք էր... Կյանքիս մեջ դեռ այնպես լաց չէի եղել, արտասուքիս յուրաքանչյուր կաթիլը, կարծես, թույն էր, որ քաղվում էր ուղղակի սրտիցս... Անգի՛ն քույրիկ, այս ի՞նչ է պատահում ինձ...

Քո Աննա Սարոյան