Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/483

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՏԱՆՏԻՐՈՋՍ ԱՂՋԻԿԸ
1

Ես հայ ուսուցիչ եմ։

Կարծեմ սրանով շատ բան ասացի,— ասացի այն ամենը, ինչ որ հազար անգամ գրված է մեր լրագրերում հայ ուսուցչի մարտիրոսագրության մասին։

Մի չոր գլուխ էի։ Ներսիսյանի և ճեմարանի ավարտական վկայականները ծոցիս, ամբողջ հինգ տարի թափառեցի գավառները, մի տարի էլ պաշտոնավարեցի Պարսկաստանում և, մի քանի հարյուրներ թողնելով այս ու այն հոգաբարձության ձեռքին, վերջապես կարողացա ոտս Թիֆլիս գցել,— մի բան, որ վաղուցվա տենչանքս էր։

Այն ժամանակ արդեն մոտ երեսուն տարեկան էի։

Օգոստոսի վերջն էր, ուսումնական տարվա սկզբի եռուզեռի օրերը։ Առայժմ գլխավոր հոգսս այն էր, որ մի հարմար բնակարան գտնեի։ Ընդունելության քննություններից հետո թրև էի գալիս այս ու այն փողոցը, աչքս տնկած տների դռներին ու պատուհաններին, որ գտնեմ վարձու սենյակ տալը հայտարարող թղթի փոքրիկ կտորներ։ Ուզում էի, որ բնակարանս մոտիկ լիներ ուսումնարանից, խաղաղ տեղ լիներ և թեյ ու ճաշ տային։ Բայց հակառակի պես եկա բռնեցի այնպիսի մի սենյակ, որ համ հեռու էր ուսումնարանից, համ սարսափելի աղմկալի տեղ (բակը լիքն էր երեխաներով), համ էլ ոչ թեյ և ոչ ճաշ խոստացան։ Բավականացան միայն հարկավոր «կահավորանքով»։ Այդ կահավորանքն էլ ինչ էր — փայտոջիլներով լի մի կուշետկա, որի ոտները ծռմռվել և