Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/484

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շարժվում էին տեղահան եղած փտած ատամների պես, մի սեղան, որի երեսի տախտակները տեղ-տեղ այրվել, սևացել և փոս էին ընկել, ըստ երևույթին, ծակ սամովարից թափված կրակներից, և երեք հատ վիեննական աթոռ, որոնցից մեկի ծղոտից գործած նստատեղն այնքան թուլացել և փոս էր ընկել, որ նստելիս կարծում էի, թե «գարշոկի» վրա եմ նստում։ Չմոռանամ գլխավորն էլ հիշել.— սենյակիս վարձն այնքան թանկ էր, որ հետո, երբ արդեն ուշ էր, տեսա, որ բոլորովին չի բռնում բյուջեիս։ Մտածեցի առաջին ամիսը յոլա տանեմ, իսկ հետո երևի ավելի հարմար և ձեռնտու պայմաններով սենյակ կարող էի ճարել։ Մասամբ գոհ էի, որ ազատվել էի հյուրանոցում քաղաքավարի կողոպտվելուց։

Տանտերս հայ էր — թիֆլիսեցի հայ։ Թիֆլիսեցի հայ ասելով ուզում եմ ասել Թիֆլիսում ծնված ու սնված այն հայի տիպարը, որին,— օրինակի համար եմ ասում,— եթե Ամերիկայում անգամ հարցնեին, թե որտեղացի է, կասեր՝ «քաղքցի», միանգամայն համոզված լինելով, որ ամերիկացին «քաղքցի» բառը «թիֆլիսեցի» կհասկանար։ Չար լեզուները պատմում էին, որ բազազ Սերգոն կամ,— ինչպես անվանում էին նրան ոմանք,— Սերգեյ Ավետիչը մեկ թե երկու անգամ «կուտր էր ընկել» (սնանկացել), բայց և այնպես (թե՞ հենց այդ պատճառով) բավական լավ էր ապրում կնոջ անվանը փոխադրած իր տան մեջ, որը լիքն էր կենողներով։

Կարճահասակ, տռուզ մարդ էր, ծայրերը սանրի տակ կարճ խուզած բեխերով և խիստ կանոնավոր կլորիկ գլխով, որի վրա մազերը, չնայելով հազիվ հիսուն տարիքին, բոլորովին սպիտակել էին։ «Քաղքցու» կապա էր հագնում երկար թևերով, որոնցից ձախը միշտ ծափ էր տալիս ծնկանը, իսկ աջը հանգչում էր ուսի վրա։ Սև ատլասի արխալուղի վրա աչքի էին ընկնում ոսկեզօծ արծաթյա նեղ գոտին և ծոցի գրպանի մեջ հանգչող ոսկի հաստ շղթան, որը սկսվում էր կզատակից և գոտուց էլ ներքև էր իջնում։

Այդ պարոնն առհասարակ աղա մարդու տպավորություն էր թողնում ինձ վրա թե՛ այն պատճառով, որ հագուստը շատ էր սազում, և թե նրա համար, որ մարդկանց հետ վարվել գիտեր և հարգանք ազգող դիրքի մեջ էր պահում իրեն։ Առավոտներն առանց «բարի լուս» և երեկոներն առանց «բարիգուն»