վիրավորանք հասցնել միջամտությանս համար։ Իսկ ինձ ջղերը քայքայող հինգ-վեց ժամվա դպրոցական աշխատանքից հետո հանգիստ էր պետք։ Ուստի, համբերությունս որ հատավ, վճռեցի էլ չսպասեմ ամիսը վերջանալուն և գնամ ուրիշ մի խաղաղ տեղ բնակարան փնտրեմ ինձ համար։
Բայց...
Սեպտեմբերի վերջերին, երբ դեռ ժամանակ չէի գտել որոշումս իրագործելու, մի հիանալի երեկո տանտերս հրավիրել էր ինձ իր հետ թեյ «անուշ անելու»։ Դեպի բակը նայող պատշգամբում նստած, նոր էինք վերջացրել թեյը և շարունակում էինք մեր սովորական մասլահաթը քաղաքականությունից, մեկ էլ տեսնեմ տանտիրոջս երեխաները գլխապատառ ներս վազեցին բակը, ներքևից դիմելով հորը՝ ինչ֊որ ծվծվոց բարձրացրին ու նորի՛ց դուրս թռան փողոց։
Նույն րոպեին փողոցում կանգ առավ մի կառք և քիչ հետո բակի դռնից արագ ներս մտավ մի օրիորդ, ձեռքին ինչ-որ թղթի արկղեր, և սկսեց վերև վազել պատշգամբի սանդուխքով, նրա փեշերից բռնել և նրա հետ վազում էին երեխաները նույն ուրախական ճիչ ու ծղրտոցով։ Նրա ետևից բակը մտավ մի երիտասարդ՝ ամեն մի ձեռքին մի-մի ճամպրուկ։
Այդ միջոցին տանից դուրս վազեց տանտիրոջս կինը կավիքները ծափ տալով ծնոտներին և ամուսնու հետ ընդառաջ գնաց նորեկներին։ Բարևներ, համբույրներ, երեխանց ականջ խլացնող ուրախական ծղրտոց, վազվզող — մի խոսքով մի կատարյալ Սոդոմ-Գոմոր։ Տանտերս ուրախությունից, ըստ երևույթին, մոռացավ ինձ, իսկ նորեկները բավականացան միայն մի թռուցիկ հարցական հայացք ձգելով ինձ վրա, իբրև օտար և անծանոթ մի անձի վրա, որին նոր էին տեսնում իրենց տանը։ Ընտանեկան ուրախության այդ ժխորի մեջ փասափուսես հավաքեցի և քաշվեցի սենյակս, որը տանտիրոջս բնակարանին կից ամենավերջին սենյակն էր, պատշգամբի ծայրին, այնտեղ՝ ուր բարձրանում էր սանդուխքը։