Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/488

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քալի նշանակում է աղջիկ)։ Տան մեջ այդ անունն աշխատում էին ամեն կերպ նվազական ու բարեհնչյուն դարձնել։ Քալին դառնում էր մերթ Քալո, մերթ Քալինկա, մերթ Քալյա, բայց և այնպես ես այդ բարեփոխած անուններից էլ ոչ մեկի հետ չէի հաշտվում և շարունակում էի մտքումս նրան Հրաչյա անվանել։

Ի դեպ, երևելի էր տանտիրոջս բժշկացու տղայի անունը. քույրը նրան կոչում էր Սաշա, մայրը — Ալեքսանդր, հայրը — Սանդրո, մի պառավ կին, որ երևի «մամիդա», կամ «դիդիդեդա», կամ «դեդիդա» կլիներ և որը ամիսը մի քանի անգամ հյուր էր գալիս նրանց տուն, Ալեքսի էր անվանում, իսկ հաճախ նրանց այցելող իր ուսանող ընկերներից մեկն էլ Ալյոշա էր կոչում։

Քալին իսկական «տանու աղջիկ» էր, ինչպես ասում են թիֆլիսցիք. առավոտից մինչև երեկո նրա ձեռքերն ու ոտները հանգիստ չէին. ավլում էր, թափ տալիս, կարում, լվանում, արդուկում, պահում մոր ծծկեր երեխային (տանտերս, չնայելով իր մոտ հիսուն տարիքին, այդպիսին էլ ուներ) և այդ բոլորը հարատև ծիծաղով ու աղմուկով։ Իսկ երբ այդ գործերից ազատ էր լինում, նրան տեսնում էի բակի կենողներից սրա կամ նրա դռանը եռանդով զրույց անելիս կամ իր բազմաթիվ ընկերուհիների հետ, որոնք գրեթե ամեն օր այցելում էին նրան և, ինչպես երևում էր, շատ էին սիրում։ Հասկանում էի, թե նրա ինչն էր գրավում ամենքին. գրավում էր, ամենից առաջ, նրա մշտածիծաղ, վերին աստիճանի համակրելի դեմքը, նրա ուրախ բնավորությունը, բաց, բարի սիրտը, անհանգիստ շատախոսությունը և, մանավանդ, պարզությունը, որ շատ անգամ ուղղակի երեխայական միամտության էր հասնում։ Զարմանում էի, թե մի՞թե նա իր կռվարար մոր աղջիկն է։

Որ ասեմ՝ թե նա ինձ վրա մի առանձին ուշադրություն էր դարձնում — ամենևին․այնպես, կնայեր կանցներ։ Բայց ես ոչ միայն, ակամա, ուշադրություն էի դարձնում նրա վրա, այլև հետևում էի նրա ամեն մի քայլափոխին այնպիսի համառությամբ, որ կարծես լրտես էին կարգել ինձ նրա վրա. — գիտեի ո՛ր ժամին, ո՛ր րոպեին որտեղ է, ինչ է շինում,