Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/489

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուր է գնում. դասերից հետո, որ տուն էի գալիս, բակի դռնից դեռ ներս չմտած, ականջներս սրում էի, որ լսեմ նրա ձայնը։ Մանավանդ շատ էի սիրում լուսամուտիս միջից գողունի կերպով նայել նրան, երբ նա, պատշգամբում կանգնած, սովորաբար երկու ձեռքով կախ էր ընկնում պատշգամբի սյուներից միշտ կապված լվացքի թոկից, և ետ ու առաջ ճոճվելով ծիծեռնակի պես, ճռվողում էր՝ ընկերուհիների հետ ուրախ զրույցի բռնված։

Ես երեխա չէի, իհարկե, շատ լավ հասկանում էի, թե ինչ էր նշանակում իմ այս համառ գողունի հետամտությունը ու որքան էլ այդ մի տեսակ անվայել բան էի համարում, այնուամենայնիվ, խոհեմությունս միշտ տեղի էր տալիս մի, առայժմ անորոշ, զգացումի, որը, հակառակ կամքիս, օրը օրին պաշարում էր ինձ։

Այդ զգացման ազդեցության տակ բնակարանս փոխելու որոշմանս իրագործումն էլ հետին գծի վրա էր քաշվել։

3

Իմ ու Քալիի ծանոթությանը սկիզբ դրվեց հետևյալ պարագաներում։

Մի երեկո տանտիրոջս ծառան մտավ ինձ մոտ և ասաց, որ տանտերս խնդրում է իր մոտ գնամ։

Գնացի։

Հյուրասենյակի դուռն ահագին աղմուկով բաց արեց Քալին։

— Пожалуйте,— ասաց մշտական ժպիտը դեմքին և, ներս թողնելով ինձ, իսկույն թռավ դեպի հարևան սենյակի դուռը։— Պա՛պա, մովիդա (հայրիկ, եկավ)։

Ներս մտավ տանտերս իր մշտական սև ատլասի արխալուղով և քահրուբարի ահագին հատիկներով տեր-ողորմյան ձեռքին։

Նստեցինք։

Քալին նստեց մեզնից հեռու և սկսեց նայել ինձ այնպիսի հետաքրքրությամբ, որ կարծես առաջին անգամն էր տեսնում։ Հայացքն այնքան համառ էր, որ չէի համարձակվում նայել