Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


հալևորի՞ց։ Բա չամաչեցի՞ր սրա սպիտակ միրքիցը, բա էս սուրբ միրուքը խռով չկենա՞ քու գլխին։ Բու լավացրածն էլ էս չի՞ (Ցականը դարձյալ մատնացույց արավ թախտի վրա կիսամեռ ընկած Մարթային), ձենը անջաղ ա դուս գալի, էնքան ես ծեծել։

Իսկապես Մարթան այնքան նվաղել էր, որ թույլ հառաչանքի հետ հազիվ էին լսվում նրա բերնից դուրս թռչող խոսքերը. «Վայ, մեռա... վայ, մեռա...»։

— Հանի էս սըհաթին քսան մանեթը, թե չէ, տեսնում ես էս մաթրախը, կոթն էլ հետը կկոտրեմ վրեդ։ Հը՛, ի՞նչ ես փետացել, հանի՛, քեզ ասում եմ,— գոռաց Ցականը աչքերը կրակ կտրած։

— Ախպեր, ի՞նչ ես ուզում ինձանից,— խոսեց վերջապես գրբաց Գրիգորը, չուզելով այդպես շուտ անձնատուր լինել, առանց իրեն արդարացնելու։— Ես խո զոռով չեկա, չէին ուզում՝ չէին կանչի. փողն էլ խո զոռով չառա, չէին ուզում՝ չէին տա։ Այ հարցրու, է՛լի. ես գալիս ի՞, հազար ու մի աղաչանք-պաղատանքով չբերի՞ն։

— Հըմի չես ուզում տա, է՛լի,— հանգիստ լսելուց հետո ասաց Ցականը չարագուշակ ձայնով և մաթրախը բարձրացրեց։

Կինը, որ կանգնած էր կողքին, վրա ընկավ նրա թևին.

— Վո՛ւյ, Ցական ջան,— շշնջաց նա վախեցած,- կանիծի...

— Տո, դե՛նը գնա հա՛,— ասաց Ցականն արհամարհանքով, թևը խլելով կնոջ ձեռքից։— Կանիծի... Ես մեկ սրա աղոթքին եմ հավատում, մեկ էլ անեծքից վախենում։ Սուտ խո չի ասում, էս դիփ ձեր բաներն ա։ Կնիկարմատներ չե՞ք հավի խելքով։ Դուք որ չըլեք, էս ջադուբազները ո՞րտեղից կըլեն... Հը, ի՞նչ ես ասում,— դարձավ նա գրբաց Գրիգորին,— տալիս ե՞ս, թե չէ:

Գրբաց Գրիգորը դեռևս տատանվում էր. երևում էր, որ շատ դժվար էր նրա համար քսան ռուբլուց զրկվելը, բայց մի կողմից Ցականի բռնած սպառնական դիրքը, մյուս կողմից այն վախը, որ բռնել էր նրան, տեսնելով իր «բժշկության» հետևանքը, ստիպեցին նրան հնազանդվել։

— Որ զոռի ես կանգնել, կտամ, ճարս ի՞նչ,— ասաց նա