նրա կողմը, բայց շատ հանգիստ էի պահում ինձ և ուշադիր լսում, թե ինչ է ասում տանտերս։
Իմացա, որ ուզում էր իր հինգ թե վեց զավակներից մեկին տերտեր շինի և ինձ կանչել էր, որ այդ ապագա տերտերին պատրաստեմ «Վանքի շկոլը» մտցնելու։ Շատ գործնական մարդ էր Սերգեյ Ավետիչը. տղաներից մեկին «դոխտուր» էր շինել, մյուսին ուզում էր «ինջիներ» շինել, երրորդին — տերտեր, չորրորդին անպատճառ — «ադվակատ», հինգերորդին և վեցերորդին— չգիտեմ ինչ, բայց ոչ մեկին— վարժապետ։ Եվ շատ էլ լավ կաներ։ Ինչի՞ էր պետք քաղցած վարժապեաը։
«Ամենայն սիրով» հանձն առա պարապելու տերտերացուի հետ։ Քույրը մոր ուղեկցությամբ ներս բերեց տղային ինձ ցույց տալու։ Բան չասացին, թե որքան կվճարեն, ես էլ ամաչեցի այդ մասին խոսք բաց անեմ։ Ուրախացած մտածում էի. «Եթե այնպես լինի, որ սենյակիս համար վարձ չառնեն և ամսական մի քանի ռուբլի տան...»։
Հետևյալ օրվանից սկսեցի պարապմունքը։ Հաստագլուխ եմ ասում է՜, իս՛կը տերտերացու։ Հայերեն որ ասես բան չէր իմ անում. ռուսերենին համեմատաբար վարժ էր, բայց և այնպես վռնդել էին գիմնազիոնի առաջին դասարանից, որովհետև մնացել էր երկրորդ տարին։
Շատ շուտով տեսա, որ գլուխս քարովն էի տվել, հանձն առնելով այդ բթամիտ տղայի հետ պարապելու տաժանակիր աշխատանքը։ Բայց կարո՞ղ էի մերժել...
Հայերենը քիչ էր մնում այբուբենից սկսեի։ Հոգիս դուրս էր գալիս և չէի կարողանում բառի վերջն ը արտասանել տալ. ասում էի՝ ասա բ, ասում էր. ասում էի՝ ասա «գիրքը բեր», ասում էր «գիրք բեր»։ Երբեմն այնպես ջղայնանում էի, որ քիչ էր մնում գիրքը գլխովը տամ։
Մի երեկո, երբ պարապում էի աշակերտիս հետ, սենյակիս դուռը բացվեց, և ներս մտավ Քալին։
— Ներեցեք,— ասաց ռուսերեն, իր հրաշալի ժպիտը դեմքին,— թո՞ւյլ կտաք ներկա լինեմ ձեր պարապմունքներին։
— Խնդրեմ,— ասացի այդ անակնկալից մի քիչ շփոթված և, վեր կենալով, աթոռս առաջարկեցի նրան։
Նստեց, նստեց այնպիսի արագությամբ, որ, կարծես,