Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/492

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար է եկել, և լսում է ինձ իբրև ջանասեր, հետաքրքրվող աշակերտուհի։ Այդ հայտնագործությունը թեև շատ էլ անսպասելի չէր ինձ համար, բայց և այնպես ես ավելի ոգևորվեցի դրանից։ Մեր դերերը փոխվել էին. նա ընկճել էր ինձ (այդպես էի կարծում), ես անձնավստահ էի դարձել։ Ոգևորությանս մեջ, կարծեմ, այնպիսի մանրամասնությունների մեջ մտա, որ խեղճ տերտերացու աշակերտս իհարկե ոչինչ չէր կարող հասկանալ։ Հոգսս էլ չէր. այդ րոպեին ոչ թե նրա համար էի դասախոսում, այլ քրոջ համար, որը իր կրակ թափող համառ հայացքով, իր ամբողջ էությամբ մարմնացած հետաքրքրություն էր դարձած։ Դասախոսությանս ժամանակ չկարողացա դիմանալ և մի քանի անգամ նայեցի նրան։ Գրո՜ղը տանի,— ի՜նչ հրաշալի, ի՜նչ պաշտելի աչքեր... Ի՜նչպես կուզեի վրա ընկնել, համբույրներով ծածկել այդ աչքերը և կլանել նրանց արձակած կայծերը՝ այդ կայծերից վառվելու համար...

— Ինչքան լա՜վ պատմեցիք,— երեխայական պարզամտությամբ բացականչեց նա, երբ վերջացրի։— Գիտե՞ք,— ավելացրեց իսկույն մի տեսակ տխրությամբ,— ես հայերեն լավ չգիտեմ, որովհետև մեր տանը հայերեն ոչ ոք չի խոսում, հորս խոսածն էլ ի՛նչ հայերեն է։ Դրա համար եմ ձեզ հետ ռուսերեն խոսում։ Բայց հավատացնում եմ ձեզ, բոլորը հասկացա՝ ինչ որ պատմեցիք, որովհետև նյութն ինձ ծանոթ է, թեև շատ բան մոռացել եմ։

— Իսկ ձեր մեծ եղբայրը հայերեն գիտե՞,— հետաքրքրվեցի ես։

— Խոսե՞լ, թե կարդալ։

— Խոսել էլ, կարդալ էլ։

— Խոսել, ինձանից լավ է խոսում, բայց կարդալ, երևի բոլորովին մոռացած կլինի։ Հարցնե՞մ։

— Չէ, ի՞նչ հարկ կա հարցնելու,— ծիծաղեցի ես նրա միամտության վրա,— ես հարցրի հենց այնպես։ Բայց հետաքրքրական է, դո՞ւք ինչպես եք կարդում հայերեն։ Կարդալ գիտեք, չէ՞։

— Ինչպես չէ։ Ուզո՞ւմ եք կարդամ։

— Խնդրեմ։