Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/496

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ կիսամութ սենյակում աչքերիս առջև ներկայացավ հետևյալ տեսարանը։ Բրդոտ երեսով և կարմիր, ուռած քթով մի տղամարդ մի կնոջ (ինչպես հետո իմացա, իր կնոջ) մազերից բռնած՝ խելագարի կատաղությամբ քարշ էր տալիս այս պատից այն պատը, այս անկյունից այն անկյունը: Կինը երկու ձեռքով պինդ բռնել էր իր մազերից և իր կողմն էր քաշում, որ մարդու ձեռքերի թափը թուլացնի, բայց չէր հաջողվում, և ծալվող ծկներով, համարյա լուռ մղկտալով վազում էր, նայելով թե գազազած մարդը որ կողմն էր քարշ տալիս նրան մազերից բռնած։ Երեք մանրիկ երեխա բարձրացել էին թախտը, գայլ տեսած գառների նման կուչ էին եկել իրար մոտ պատին կպած և ծվում էին։ Կինը չկարողացավ դիմանալ ոտի վրա և երեսն ի վայր փռվեց գետին: Մարդն այժմ թողեց նրա մազերը և սկսեց աքացի տալ պատահած տեղը։ Այդ գազանը գրեթե ձայն չէր հանում, միայն ծանր շնչում և փնչացնում էր կատաղած գոմշի նման, երևի հոգնելուց։

Արյունն աչքերս առավ։ Առաջ վազեցի, ետևից բռնեցի նրա սյուրտուկի կեղտից սևացած պլպլացող օձիքից, և բոլոր ուժովս ետ հրեցի։ Չեմ իմանում ինչպես պատահեց, մեկ էլ տեսնեմ այդ ահագին մարդը երեսն ի վեր փռված է հատակին, կնոջ կողքին։ Այժմ ես սկսեցի քացի տալ նրան։ Պետք է որ շատ մազալու տեսարան լիներ։ Սկզբում, երևի հանկարծակիի եկած, չէր շարժվում տեղից, ոչ մի դիմադրություն ցույց չէր տալիս, չէր աշխատում տեղից վեր կենալ, կարծես չէր էլ զգում աքացիներիս հարվածները, որ, պետք է ասած, բավական անողորմաբար էի տալիս։ Նա միայն, իր ահագին մարմնով հատակի վրա երկարումեկ ձգված, նայում էր ինձ զարմանք արտահայտող ուռած-կարմրած աչքերով, կարծես հարցնում էր. «Ո՞վ ես, ի՞նչ ես ուզում»։ Բայց հանկարծ, կարծես նոր ուշքի գալով, մի ուժգին շարժում գործեց և նստեց, որ վեր թռչի։ Ու մինչ ահագին մարմինը կշարժեր տեղից, ես վրա ընկա, նորից պառկեցրի, չոքեցի և բռնեցի կոկորդից: Երևի շատ պինդ էի հուպ տալիս, որ նա բերանը բաց էր արել, ցույց տալով իր դեղնած փտած ատամները, աչքերը չռել էր, արյունով