Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/499

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանաք քան չգիտենաս։ Ասենք, էն պիանիցն էլ հեշտ չի պրծնի,— ավելացրեց նա։

Ինչ վերաբերում է այդ «պիանիցին», նրան իսկույն ոստիկանատուն էին քարշ տվել։

Որպեսզի չհոգնեցնեն ինձ, բժշկացուն հորը, մորն ու քրոջը պատվիրեց, որ դուրս գնան, ինքն էլ շուտով հետևեց նրանց, նախապես պատվիրելով, որ կարելույն չափ չշարժվեմ և աշխատեմ քնել։

Ծոծրակիս ցավը հետզհետե սաստկանում էր։ Ցավն երբեմն այնպես էր շամփրում, որ շրթունքներս կծոտում էի չգոռալու համար։ Պառկած էի շորերով. մինչև անգամ կոշիկներս հագիս էր։ Ուզում էի վեր կենամ հանվելու, բայց բժշկացուի պատվերը հիշելով, վախենում էի տեղիցս շարժվեմ։ Բարեբախտաբար բժշկացուն նորից մտավ այս անգամ իրենց ծառայի հետ և նրա օգնությամբ հանեց կոշիկներս ու շորերս, գրեթե առանց տեղիցս վեր կացնելու։ Անհուն երախտագիտությամբ սեղմեցի այդ բարի երիտասարդի ձեռքը։

Հինգ րոպեից դարձյալ մենակ էի սենյակիս մեջ։ Գրասեղանիս վրա, ուղղակի աչքերիս դիմաց, վառվում էր լամպը։ Չգիտեմ ով էր վառել, միայն ինձ թվում էր, թե պատրույգն այնքան շատ էին բարձրացրել, որ սենյակս լցվել էր խեղդող ծխով. բացի դրանից, լամպի լույսը տարօրինակ կերպով ծակում էր աչքերս, մինչև անգամ այն ժամանակ, երբ փակում էի աչքերս։

Ծոծրակիս ցավը տանջում էր անողորմաբար, երբեմն ցավը չգիտեմ մեղմանում էր, թե ընդհակառակն, իր ծայրահեղ սաստկությամբ բթացնում զգացողությունս, միայն այդ րոպեներին համեմատաբար հանգիստ էի զգում ինձ և չգիտեմ քունս էր տանում, թե մի տեսակ թմբիր էր գալիս վրաս։

Շատ թունդ տենդ էր պատել ինձ, և այդ տենդի մեջ կամաց-կամաց ինքնամոռացության մեջ էի ընկել։

Գիշերվա մի ժամին աչքս բաց արի և, կարծես երազիս մեջ, տեսա մահճակալիս մոտ ով-որ նստած է,— ով էր, հաշիվ չտվի ինձ. այսքանս միայն տեսա, որ կին էր,— ի՞նչ կին, չիմացա, չաշխատեցի էլ իմանամ։

— Ջուր,— շշնջացի։