Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/501

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
5

Բժիշկը, տանտերս, նրա կինն ու աղջիկը նոր էին հեռացել սենյակիցս, մեկ էլ տեսնեմ դուռը կամացուկ բացվեց և ներս մտավ մի կին։ Մի րոպե կանգնած մնաց դռան մոտ և, ըստ երևույթին, այնքան շփոթվեց, որ ինձ թվաց, թե սխալմամբ է մտել իմ սենյակը։ Բայց ո՛րքան եղավ զարմանքս, երբ այնուհետև մոտեցավ ինձ և հարցրեց.

— Այժմ ի՞նչպես եք։

— Լավ եմ,— արտասանեցի մեքենայաբար, զարմացած ինքս ինձ հարց տալով, թե ո՛վ է։

— Փառք աստծո,— կամաց հառաչեց նա և, կարճ լռությունից հետո, ասաց.— շատ էի վախենում. դուք շատ վատ դրության մեջ էիք։

Ապշեցի։

— Դուք ի՞նչ գիտեք։

— Չէ՞ որ այս երեք գիշեր ես էի ձեզ նայում։

— Դո՞ւք... Դո՞ւք էիք ինձ ջուր տվողը։

— Ես էի։

Դեռևս ապուշ կտրած՝ նայում էի նրան.

— Ներողություն, դուք ո՞վ եք։

Սկզբում, ըստ երևույթին զարմացավ, որ չեմ ճանաչում իրեն։

— Մի՞թե ինձ երբեք չեք տեսել այս բակում... Ասենք, հազիվ թե տեսած լինեք, որովհետև ես մեծ մասամբ հիվանդ եմ և... ամաչում էլ եմ դուրս գալ տնից... Բայց այն օրը տեսաք, չէ՞։

Իսկույն կռահեցի։

— Դուք այն... ներողություն, գազանի կի՞նն եք։

— Այո,— աչքերը վայր թողնելով, շշնջաց նա։

Խնդրեցի, որ նստի։ Նստեց։

Հետաքրքրությամբ դիտում էի նրան։ Կլիներ մոտ երեսուն տարեկան, այնքան նիհար էր, որ հասարակ չթի հագուստը լայն տոպրակի պես կախ էր ընկած սուր ուսերից։ Նիհարությունից դեմքի և ձեռքերի վրա միս չէր մնացել, իսկ աչքերը տարօրինակ մեծ էին երևում և անսփոփ տխրությամբ լի։ Առհասարակ նրա ամբողջ արտաքինի մեջ սիրտ ճմլող