Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/505

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բնակարանից այլևս աղմուկի ձայն չէր գալիս։ Ինչպես երևվում էր, տվածս դասը և «կուտուզկայում» նստելն ապարդյուն չէին անցել, կամ գուցե, մտածում էի, ամեն բան շարունակվում է առաջվա պես, և խեղճ կինը «ձայնը փորն է գցում, ինչպես մի անգամ ինքը խոստովանեց։ Տանտերս ուզում էր դուրս անել նրանց իր տնից, մանավանդ որ երկար ժամանակ բնակարանի վարձը չէին տվել, բայց աղջիկն իմ ներկայությամբ խնդրեց նրան, որ այդպիսի բան չանի, առարկելով, որ «պիանիցը» ուրիշ տեղ ուղղակի կսպանի խեղճ կնոջը, իսկ իրենց տան մեջ այլևս չի համարձակվի ձեռք բարձրացնել նրա վրա։ Եվ Քալին իր հրաշալի աչքերով նայեց ինձ՝ այդ ասելիս։

Գրողը տանի, այդ աչքերը չէի՞ն պատճառը, որ կյանքս վտանգի մատնեցի։ Այժմ էլ, որ հիշում եմ նրա արտասվախառն, սարսափահար հայացքը, որով բակից աղերսում էր ինձ, որ օգնության հասնեմ, այժմ էլ երբեմն զարթնում է իմ մեջ այն խիզախ ոգին, որով այն ժամանակ մի ակնթարթում համակված ներքև վազեցի և կոտրեցի «պիանիցի» դուռը։ Եվ միայն ա՞յդ կանեի այն ժամանակ այդ աչքերի համար...

6

Երբ գլխիս վերքն այնքան լավացավ, որ այլևս կարիք չունեի պառկելու, բայց զգուշության համար դեռևս ուսումնարան չէի գնում, վերսկսեցի պարապմունքներն տերտերացու աշակերտիս հետ և միաժամանակ սկսեցի Քալիի հետ պարապել հայոց լեզվից։

Տանտերս աղջկա ինձ աշակերտելու վրա հաշտ աչքով էր նայում, նույնիսկ խրախուսում էր նրան, կինը, ընդհակառակն, որքան կռահում էի նրա ձեթոտ դեմքից, դժգոհ էր և զարմանում էր, որ աղջիկը գիմնազիոնի հինգերորդ դասարանն ավարտելուց հետո էլ դեռ կարիք ունի ուսանելու։ Իսկ թե եղբայրը՝ բժիշկը, ինչպես էր նայում քրոջ այդ կապրիզի վրա, չիմացա, որովհետև առողջանալուցս հետո երեսն այլևս չէի տեսնում, չնայելով, որ արդեն ազատ մուտք ունեի նրանց տան մեջ. նա կամ բոլորովին առանձնացած էր լինում