Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/506

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իր սենյակում, երևի պատրաստվում էր պետական քննությունների համար, կամ տանը չէր լինում։ Բայց կարծեմ, նա անտարբեր էր։

Հարկ չկա պատմելու, թե ինչպիսի հաճույքով էի պարապում Քալիի հետ։ Ուսումնարանից վերադառնում էի հոգնած և շատ անգամ հուզված էի լինում հոգաբարձությունների վարմունքից կամ պաշտոնակիցներիս ինձ դեմ լարած խարդավանքներից, որոնցից, ինչպես հայտնի է, ոչ մի ուսուցիչ ազատ չէ։ Բայց երբ Քալին մայրենի լեզվի դասագիրքը և հայոց գրության տետրակը ձեռքին փոքրիկ երեխայի պես աղմկալի կերպով ներս էր վազում ինձ մոտ, հոգնածությունս էլ էի մոռանում, հուզումս էլ, և կարծում էի, թե հանկարծ մի կենարար հեղուկ սրսկեցին երակներիս մեջ։ Ոչինչ այնքան չէի սիրում նրա մեջ, որքան նրա այդ շարժունությունը և մանավանդ մանկական պարզաբանությունը։ Երբեմն հանկարծ այնպիսի մի անմեղ հարց կտար, որ չէի կարողանում ծիծաղս զսպել։ Այդպիսի դեպքերում նախ, կարծես, ապշում էր, թե ինչ կար ծիծաղելու, հետո ինքն էլ էր սկսում ծիծաղել, կարծես նոր գլխի ընկնելով, որ տված հարցն իսկապես ծիծաղելի էր։

Սկզբում խոսում էր ռուսերեն և խնդրել էր, որ ես միշտ հայերեն պատասխանեմ. հետս կամաց֊կամաց սկսեց հայերեն խոսել, մեջեմեջ ռուսերեն բառերով, որոնց հայերենը իսկույն հարցնում էր ինձնից։ Պատահում էր, և շատ հաճախ, որ դասի ժամանակ մենք սկսում էինք զրույց անել կողմնակի բաների մասին, և այդպիսի դեպքերում նա միշտ աշխատում էր խոսակցությունը լուրջ բաների վրա դարձնել, որ ավելի շատ բան իմանա և շատ բառեր սովորի։

Ցավ ի սիրտ տեսնում էի, որ ոչ մի գաղափար չունի մեր ոչ անցյալից, ոչ ներկայից, ոչ կուլտուրական, ոչ հասարակական կյանքից, ուստի իմ զրույցը պտտվում էր մեծ մասամբ այդ խնդիրների շուրջը։

Մեր պարապմունքները տեղի էին ունենում, տերտերացու աշակերտիցս ջոկ, երեկոները, երբ Քալին ազատ էր լինում տնային գործերից։ Ասենք, նրա համար առավոտ-երեկո չկար․ նրա համար գործը միշտ անպակաս էր լինում տանը։ Պարապմունքի ամենաթունդ ժամանակ, մեկ էլ կտեսնեիր,