Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրա սիրտը ճմլվեց։ «Էլի լավ չի»— մտածեց նա և վշտահար մնաց նայելիս մարդու երեսին։

Սաքուլը դուռը ետ դրեց, գնաց դեպի թախտը, մութաքեն առաջ քաշեց և պառկեց։

— Մի բան գցի վրես,— ասաց նա թույլ ձայնով և ոտները կուչ ածեց։

Նատոն սապնոտ ձեռները սրբեց, վեր կացավ, բարձրացավ թախտը, ցեխոտ չուստերը թողնելով գետնին, ծալքից հանեց բավական մեծ ու հաստ մի վերմակ և ծածկեց մարդուն։

— Լավ ծածկի, ջանս սրթսրթում ա,— ասաց Սաքուլը, վերմակը գլխին քաշելով։

Նատոն վերմակի ծայրերը ներս կոխեց կողքերից, որ բաց տեղեր չմնան։

— Ուզո՞ւմ ես, մի լըհեբ էլ ծածկեմ,— ասաց։

— Ծածկի։

Նատոն բերեց մի ուրիշ վերմակ էլ գցեց նրա վրա և նորից կողքերը տապտպեց։ Այժմ Սաքուլը ոտով-գլխով կորած էր վերմակների տակ։ Նատոն լվացքը մոռացած՝ առժամանակ նստած մնաց մարդու մոտ։ Կարճ, թախծալից լռությունից հետո վերմակների ծայրերը ետ քաշեց մարդու երեսից և շշնջաց.

— Սաքո՞ւլ։

Սաքուլն աչքերը բաց արեց և նայեց նրան հարցական հայացքով։

— Բա չգնացի՞ր հիվանդանոց։

— Գնացի։

— Ի՞նչ ասեցին։

— Տասը շայի են ուզում։

— Բա ասում են, ով չունի՝ չեն ուզում։

— Ասեցին պոլիցիցը ան տերտերիցը թուղթ բեր, որ չունես։

— Ետո, գնացի՞ր պոլիցեն։

— Սև գրողը տեսնի պոլիցի երեսը. նրանց «զավթրի» գլուխը ո՞վ ունի։

— Դե տերտերի մոտ կգնայիր։

— Տերտերի հերն էլ ընտեղ անիծեմ։ Նոր չէ՞ր, որ տեսա