ամենաերջանիկ մարդիկ աշխարհիս երեսին։ Գոնե ինձ համար ես այդ կարող եմ ասել։
Բայց այս կատակները լինում էին, իհարկե, ի միջի այլոց, իսկ դասերը շարունակվում էին իրենց կարգին, առաջվա պես։ Հինգ-վեց ամսից նա արդեն այնպես վարժ էր կարդում հայերեն և այնքան լավ էր հասկանում կարդացածը, որ այլևս շատ քիչ բառերի թարգմանության կարիք էր զգում։ Իսկ մեր փոխադարձ հարաբերության մեջ քաղաքավարի «դուք»֊ը ինքնըստինքյան վաղուց վերացել էր և փոխվել մտերմական «դու»-ի։
Բայց... «վերջն է գովելի»։
Քալին հանկարծ չքացավ. մի օր, երկու օր, չորս օր, մի շաբաթ իզուր սպասում էի — Քալի չկար ու չկար. ոչ միայն այլևս չէր գալիս դաս առնելու, այլև ստվերն անգամ չէի տեսնում պատշգամբում։ Սկզբում կարծում էի հիվանդ է, ուզում էի հարցնեմ տերտերացու աշակերտիս, որն անխափան գալիս էր դասի, բայց դեռ բերանս չբացած, հանկարծ, ինչպես ասում են, «հոգիս ծվաց». չլինի՞ թե — ասացի ինքս ինձ — ծնողները հոտն առել են և... Սառը քրտինքը պատեց ճակատս։ Է՛լ սուս արի, ձայն ծպտուն չհանեցի։
Կասկածս արդարացավ շատ շուտով։
Մի օր տանտերս մտավ ինձ մոտ, քեֆս, հալս հարցրեց. սկսեց սար ու ձորից, վերջը, մի քիչ սուս անելուց հետո, ասաց.
— Մի բան որ ասիմ, խոմ չի՞ս նեղանա։
— Հրամայեցեք,— ասացի (շատ սառն էի պահում ինձ)։
— Վուչ թե հրամայի, այլ պիտի խնդրի: Հախ ասծու, յիս շատ բավական իմ քիզմեն, բայց... գիդիս ինչ կա — օթախս պիտիս դարդկի։
Ճիշտն ասած ես ամեն բան սպասում էի, բայց այդ մեկը — ոչ։ Ուզում էի հարցնեմ, հենց այնպես, ձևականորեն, «ինչո՞ւ», լեզուս չզորեց։
— Գիդիս էլի,— շարունակեց տանտերս,— ինչքան նիղվածքություն ինք քաշում։ Էս իմ աղա դոկտորը կանգնիլ է