Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/514

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գնայի՞ նրանց տուն, նամա՞կ գրեի։ Ինձ այնտեղից վռնդելուց հետո այդ մասին մտածելն անգամ ավելորդ էի համարում։ Մնում էր միայն մի ճանապարհ, այն է՝ մի կերպ խոսք դուրս քաշել Կոլյայից, որը դասերը շարունակելու համար պետք է ամեն օր գար ինձ մոտ։ Բայց արդեն անցել էր մի ամբողջ շաբաթ, որ տեղափոխվել էի նոր բնակարանս, և Կոլյան չկար, չէր գալիս։ Չէի հասկանում, արդյոք ի՞նքը չէր ուզում գալ ծուլությունից, թե հայրն էր փոշմանել և, հակառակ իր խոստման, այլևս չէր ուզում ուղարկել նրան, որպեսզի իսպառ կտրի մեր միջև եղած բոլոր հարաբերությունները։

Մի շաբաթը դարձավ երկու շաբաթ, և ահա մի օր տեսնեմ Կոլյան, գրքերի պայուսակը ձեռքին, եկավ հարցնելով ներս մտավ ինձ մոտ։ Այնպես ուրախացա, որ կարծես հարազատ եղբորս տեսա։

— Ո՞րտեղ էիր մինչև հիմա, ինչո՞ւ չէիր գալիս, հիվանդ խո չէի՞ր,— սկսեցի հարցուփորձ անել։

— Ոչ, հիվանդ չէի, մամաս չէր թողնում գամ։

— Մամա՞դ։ Ինչո՞ւ:

— Չգիտեմ։

— Բայց հրեդ եկել ես։

— Պապաս ուղարկեց։

— Ուրեմն պապադ ուզում էր, որ գա՞ս։

— Այո։ Մենակ մամաս չէր ուզում։ Այսօր մինչև անգամ կռվեցին։

— Կռվեցի՞ն...

— Այո։ Մամաս այնպես չարացած էր, որ գրքերս խլեց ձեռքիցս և բակը շպրտեց։ Տեսեք, այս գրքի կազմը կոտրվել է, իսկ սրանից երեք թերթ պատռվել։

— Իսկ քո՞ւյրդ։

— Քույրս լաց էր լինում։

— Ինչո՞ւ։

— Չգիտեմ։ Մամաս սաստիկ անիծում էր նրան։

— Ի՞նչ էր ասում։

— Ես ի՛նչ գիտեմ։

— Իսկ պապա՞դ։

— Պապաս չէ։ Վերջը պապաս այնպես բղավեց մամայիս