Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/516

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նկատել էր և հարկ համարեց հայտնել ինձ, անշուշտ հետաքրքրված լինելով իմ ու իր քրոջ հարաբերությամբ, որը այնքան աղմուկի առարկա էր դարձել իրենց տանը։ Ուզեցի բուռն հետաքրքրությամբ հարցուփորձ անել, բայց հանկարծ զգուշացա այդ «խաբարբզան» տղայից, որը կարող էր իմ հարցուփորձը հասցնել ծնողների ականջը, որոնք առանց այն էլ, ինչպես երևում էր, լավ օրի չէին հասցրել իրենց աղջկան իմ պատճառով։ Ուստի սուս արի, բան չհարցրի, կարծես քույրը գոյություն չուներ ինձ համար, մինչդեռ իսկապես ա՛յդ րոպեից Քալին գոյություն ունեցավ ինձ համար։

Ուրեմն այլևս կասկած չկար. Քալին սիրում էր ինձ, նա լաց էր լինում, նա դարդ էր անում ինձ համար... Հարկավո՞ր է ասեմ, թե ի՛նչ ահագին երջանկություն էր այդ գիտակցությունն ինձ համար։

8

Կոլյան դարձավ իմ «Կռունկը» (հիշո՞ւմ եք — «Կռունկ, հայոց աշխարհեն խապրիկ մը չունի՞ս»)։ Այլևս մոռացել էի զգուշանալ այդ «խաբարբզանից» և ամեն օր, նրա դասի եկած ժամանակ, սկսում էի հարցուփորձ անել Քալիի մասին, հարկավ սկսելով հորից, մորից, «դոխտուրից», երեխաներից, «պիանիցի» ընտանիքից, շատ անգամ էլ բոլորովին կողմնակի բաներից։ Հարցուփորձս անում էի արտաքին անտարբերությամբ, իսկ պատասխանները լսում ներքին լափող հետաքրքրությամբ։ Քալիին վերաբերող ամեն մի մանրամասնություն ահագին գյուտի արժեք ուներ ինձ համար։

Կոլյան հազիվ մի ամիս կանոնավորապես գալիս էր դասի, հետո մեկեն դադարեց։ Խիստ անհանգստացա. չլինի՞ «խաբարբզանն» արդեն կատարել էր իր դերը և ծնողներն արգելել էին նրան այլևս գալ ինձ մոտ։ Բայց հինգ օրից հետո նրանց ծառան եկավ և ասաց, որ Կոլյան հիվանդ է և դրա՛ համար չի գալիս։

Խոստովանում եմ, այդ բանը ոչ թե տխրեցրեց, այլ ուրախացրեց ինձ, որովհետև այդ դեպքը մի շատ հարմար