Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/518

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լուսամուտի վարագույրն իջեցրած և այնտեղից ոչ մի պատասխան չէր լսվում, այնպես որ կարելի էր կարծել, թե տանը ոչ ոք չկա։

Մինչդեռ մարդ ու կնոջ բղավոց-ճղավոցը չէր դադարում։ Շվարած կանգնած էի մնացել, չէի իմանում ինչ անեմ։ Դրությունս բավական անհամ էր. եկել էի հիվանդ աշակերտիս այցելության, վրաս ուշադրություն դարձնող չկար։ Աչքերովս որոնում էի Քալիին, չէր երևում։ Այսպիսի աղմուկի մեջ նրա բացակայությունն ինձ զարմանալի էր թվում։

Չգիտեմ ինչով պիտի վերջանար այդ տարօրինակ տեսարանը, եթե այդ ժամանակ բակի դռնից չմտներ տանտիրոջս բժիշկ որդին։ Իբրև ինտելիգենտ մարդ, նա, ըստ երևույթին, վիրավորվեց այդ գռեհկական ճիչ ու աղաղակներից։ Մեղմ նախատական եղանակով մի քանի հորդորներ կարդաց հորը, հանգստացրեց նրան, հետո բարևեց ինձ — ինչպես թվաց ինձ — բավական սառն կերպով, և երեքս միասին բարձրացանք պատշգամբ։ Որովհետև մայրը պատշգամբում դեռևս շարունակում էր ճղճղոցը, այդ պատճառով որդին ջղայնացած համարյա թե գոռաց նրա վրա, թե ի՞նչ է ամբողջ բակը գլխին հավաքել։

Գիժ֊Կեկելն իսկույն լռեց, սակայն — ինձ այդպես թվաց — ոչ թե որդու նկատողության վրա, այլ ինձ անսպասելի կերպով տեսնելուց։ Այնքա՛ն գազազած էր, որ երևի բակում չէր նկատել ինձ և հանկարծ տեսնում էր միայն այժմ, երբ իր ամուսնու և որդու հետ կանգնած էի իր առջև։ Նայեց դեմքիս այնպիսի մի հայացքով, որով կարծես հարցնում էր. «Սա՞ որտեղից լույս ընկավ։

Թե՛ այդ կռիվն ու ղալմաղալը, և թե՛ մանավանդ այդ անբարեհաճ ընդունելությունը տեսնելով, ես արդեն զղջացել էի այցելությանս համար, բայց մեկ որ եկել էի, էլ ի՜նչ կարող էի անել։

— Ես եկել եմ Կոլյային տեսնելու, կարելի՞ է,— երեսս պնդացնելով, վերջապես միջոց ունեցա հայտնելու այցելությանս նպատակը։

Չգիտեմ ձայնի՞ս վրա, թե ինչ, սենյակներից մեկի դուռը բացվեց, և շեմքում երևաց Քալին լացակումած աչքերով։