Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/519

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այդ դո՞ւք եք,— ասաց դիմելով ինձ։— Ա՛խ, Կոլյան շատ հիվանդ է...

Հետո անմիջապես դիմեց եղբորը․

— Սաշա, դեղը բերի՞ր։

Ապա դառնալով ծնողներին, հանդիմանությամբ նկատեց.

— Դուք էլ հիմա եք ժամանակ գտել կռվելու․..

Մի րոպեից ամենքս Կոլյայի սենյակումն էինք։ Դիֆտերիտ ուներ և, իբրև վարակիչ հիվանդի, բժիշկը բոլորովին առանձնացրել էր նրան։ Երեխան պառկած էր սարսափելի տաքության մեջ. երեսը կարմիր վարդ էր կտրել և կարծես փքվել, բորբոքված աչքերով, անմիտ հայացքով նայում էր մերթ սրան, մերթ նրան և շաղված կաթի գույն ստացած լեզվի ծայրով լպստում էր շրթունքները։ Փորձեցի խոսել հետը, խիստ խլացած ձայնով ինչ֊որ պատասխաններ տվեց, որոնցից բան չհասկացա։ Բժիշկն իմ և հոր օգնությամբ լյապիսով այրեց նրա կոկորդը։ Այդ օպերացիայի ժամանակ մայրը տարօրինակ քաջություն ցույց տվեց, մինչդեռ քույրը, այն ժամանակ, երբ ես ձեռքերիս մեջ էի առել հիվանդ երեխայի գլուխը, իսկ հայրը պահում էր ձեռքերը, այնպես էր լալիս, մղկտում, որ կարծես մորթում էին եղբորը։

Խոսք չկա, որ այսպիսի պարագաներում իմ ու Քալիի տեսակցությունը մի շատ անհամ բան դուրս եկավ։ Նա տարօրինակ կերպով ցրված էր, արտասուքը չէր ցամաքում աչքերից։ Մի ժամից ավելի էր, որ նստած էի նրա հետ հիվանդ եղբոր սենյակում, և այդ բոլոր ժամանակ նա հազիվ մի-երկու անգամ ուշադրություն դարձրեց ինձ, ամբողջովին զբաղված լինելով հիվանդ երեխայի հոգացողությամբ։ Ճիշտ է, եղբոր հիվանդությունը շատ վտանգավոր էր, իսկ Քալին սաստիկ սիրում էր բոլոր եղբայրներին ու քույրերին, բայց մի՞թե...— մտածում էի ես և ավելորդ էի համարում միտքս վերջացնեմ, որովհետև պարզ տեսնում էի, որ մինչև այժմ ինձ սնել եմ ապարդյուն հույսերով ու սպասելիքներով։

Հիասթափված ու հուսաբեկ դուրս եկա ու մտածում էի՝ ինչքան լավ կլիներ չգայի և շարունակեի ապրել իմ քաղցր երազանքներով։