Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեյդանումը փորը ցցած։ Տասը շային ի՞նչ ա, ասում ա, ջահել մարդ ես, մի օր որ բանես, ասում ա, տասը շայի չէ, իրեք մանեթ էլ կվեկալնես։ Ախր, տեր հայր, ասում եմ, ջանս չի գալիս։ Լավ, ասում ա, հանաք եմ անում. կիրակի օրը ժամ արի, ասում ա, կտամ։

— Ա՜յ, նրա ջանը դուրս գա,— սրտով բացականչեց Նատոն։— Էդ հալով մինչև կիրակի ո՞նց մուլափ տաս։ Քելեխ ըլեր, ձեռաց ո՜նց վազ կտար։

Ու լռեց դաղված սրտով։ Եվ երկար ժամանակ անասելի վշտով նայում էր մարդու մաշված, դեղնած դեմքին, որի վրա հիվանդությունը մեռելային անզգայություն էր դրոշմել։ Երեք ամբողջ տարի է, որ այդ անհասկանալի հիվանդությունը օր-օրի վրա հալում, մաշում է Սաքուլին։ Էլ դեղ չմնաց, որ փորը չածեց, էլ հեքիմ չմնաց, որին չդիմեց։ Օրեր ու շաբաթներ խաչերի դռանն անցկացրին, մատաղներ մորթեցին, կարմիր ու սպիտակ հագցրին, բայց և այնպես ոչի՜նչ, ոչի՜նչ չօգնեց։ Ընդհակառակը՝ Սաքուլն օր-օրի վրա վատացավ, հիվանդությունն ավելի խոր բնակալեց։ Սկզբներում էլի քիչ ու միչ կարողանում էր բանել, բայց վերջին ժամանակներն ուրագը մի քանի անգամ վրա անելուց հետո շունչը կտրվում էր և սիրտն այնպես արագ բաբախում, որ կարծում էր, թե դուրս պիտի պրծնի բերնից։ Այդ երեք տարվա ընթացքում նրանք քանդվեցին, քարը քսվեցին, տանն է՛լ ոսկեղեն ու արծաթեղեն չմնաց՝ գրավ դրին, ժամանակին չկարողացան թափել — կորցրին, ավելորդ բաները ծախեցին-ծախծխեցին, հետո պարտքերի մեջ թաղվեցին և այսօր, երբ երթևեկ հիվանդների քաղաքային բուժարանում կանոնավոր դեղ ու դարման անելու համար «տասը շայի» են ուզում, չկա։

Նատոն մի ծանր թառանչ քաշեց։

— Սաքո՞ւլ,— շշնջաց նորից։

Սաքուլն աչքերը բաց արեց։

— Սոված չե՞ս։

— Չէ։

— Ախր ոչ երեկ, ոչ էսօր զադ չես առել բերանդ, մի բան էլ ա կե, որ ուժ ունենաս։ Հեղնարանք մատաղ են բերել, քեզ հմար եմ պահել, վեր կաց, կե։ Ազին էլ հրես փըռնիցը հացերը կբերի։