Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/523

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Շատ բարի, թող այդպես լինի,— ասացի ժպտալով.— իսկ ինչո՞ւ ձեր մայրը չէր ուզում, որ Կոլյան գա ինձ մոտ դասերի և... անիծում էր ձեզ։

Քալին կաս-կարմիր կտրեց և աչքերը վայր թողեց։

— Ո՞վ ասաց ձեզ այդ,— շշնջաց նա։

— Դուք այն ասացեք, ճի՞շտ է այդ թե ոչ։

Ոչինչ չպատասխանեց, միայն գլուխն այնքան խոնարհեց, որ դեմքն այլևս չէր երևում լայնեզր գլխարկի տակից։

— Թող ապահով լինեն ձեր ծնողները,— կարճ լռությունից հետո ավելացրի ես շատ հանգիստ կերպով,— երբեք ինձ ոչ ոքի վզովը չեմ փաթաթել և երբեք էլ չեմ փաթաթի. այդ կողմից ես ինքնասիրություն ունեմ և, գուցե, ավելի՝ քան հարկավոր է։ Ճիշտ է, ես ձեզ... սիրում եմ..․ Այս առաջին անգամն է, որ պարզ կերպով ասում եմ ձեզ... Բայց ի՞նչ նշանակություն ունի միակողմանի սերը, երբ... չես իմանում փոխադարձը կա՞, թե ոչ...

Լռեցի և իզուր սպասում էի նրա պատասխանին. նստած էր ծայր աստիճան շփոթված և չէր իմանում ինչպես անի, որ ես չնկատեմ այդ։

— Լսեցեք, օրիորդ ինչ եմ ասում,— շարունակեցի ես շատ հասարակ տոնով, որպեսզի սիրտ տամ նրան։— Այստեղ քաշվելու, շփոթվելու ոչինչ չկա։ Դուք նոր չեք ճանաչում ինձ, ինչպես և ես ձեզ։ Խոսենք առաջվա պես մտերմորեն, ընկերաբար։ Ես պարզ կերպով ասացի ձեզ այն, ինչ որ գուցե չհամարձակվեի ասել, եթե չճանաչեի ձեզ։ Ինչպես ուզում եք հասկացեք, իմ բախտը ձեր ձեռքին է։ Այսքան ժամանակ ես մեկ հուսադրվել եմ, մեկ հուսահատվել ձեր դեպի ինձ ցույց տված այս կամ այն, իհարկե, ոչ դիտավորյալ վերաբերմունքից ու միշտ էլ տատանման մեջ եմ եղել սիրո՞ւմ եք ինձ, թե ոչ։ Կրկնում եմ— իմ բախտը ձեր ձեռքին է, և դուք այժմ, հենց այս րոպեին այս կամ այն կերպ պետք է որոշեք իմ վիճակը, պետք է մի անգամ առմիշտ ասեք ձեր վճռական խոսքը, ասում եմ այժմ, հենց այս րոպեին, որովհետև ձեր ծնողների շնորհիվ մեր միջև այնպիսի դրություն է ստեղծվել, որ մի ուրիշ անգամ հազիվ թե մենք կարողանանք հանդիպել իրար և խոսել այս մասին։ Լսո՞ւմ եք, օրիորդ, ինչ եմ ասում,— ավելացրի ես, տեսնելով, որ