Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/524

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նա ձայն, ծպտուն չի հանում, այլ միայն, աչքերը շարունակ վայր թողած, մերթ կարմրում է, մերթ գույնը գցում և սեղանի սփռոցի ծայրը մեքենայաբար փաթաթում է մատին ու բաց թողնում։

Րոպեն ծանր էր․ անշուշտ, որքան նրա, նույնքան և ինձ համար։ Որքան աշխատում էի ինձ հանգիստ պահեմ, այնուամենայնիվ, սիրտս լքլքոց էր ընկել։ Շտապում էի։ Աշխատում էի կարելույն չափ շուտով խոսք դուրս քաշել նրանից, քանի եղբայրը չէր վերադարձել, այլապես այդ հարմար րոպեն բաց կընկներ ձեռքիցս, և ես կմնայի նույն անտանելի անորոշ դրության մեջ։

— Օրիորդ, ես սպասում եմ ձեր պատասխանին,— ասացի ես թախանձագին։— Խնդրում եմ, աղաչում եմ, մի լռեք, մի բան ասացեք։

— Ես ի՞նչ կարող եմ ասել,— ասաց վերջապես կամաց, շարունակ աչքերը խոնարհած։

— Մի խոսք, միայն մի խոսք․ սիրո՞ւմ եք ինձ, թե ոչ․ այո՞, թե ոչ։

Հակառակ սպասածին, նա իմ այս կտրուկ պահանջի հանդեպ ավելի հանգիստ գտնվեց, քան թե առաջ և ասաց հազիվ լսելի ձայնով․

— Դուք ինքներդ ասացիք, որ մայրս անիծում էր ինձ․․․

— Այո՛, և դուք էլ լաց էիք լինում․ այդպես չէ՞։

— Այո։

— Բայց այդ ես բացատրել եմ նրանով, որ դուք զրպարտություն եք համարել ձեր մոր հանդիմանությունները, որ դուք բոլորովին այն զգացումը չեք տածում դեպի ինձ, ինչ որ նա է կարծել։ Այդպես չէ՞։

— Ո՛չ, բոլորովին այդպես չէ,— եռանդով վրա բերեց նա, առաջին անգամ նայելով ինձ համարձակ։— Ես լաց էի լինում նրա՛ համար, որ մայրս շատ վատ լեզու էր բանեցնում ձեր մասին։ Իսկ ես․․․ ես չէի կարող այդ սառնասրտությամբ լսել․․․

— Որովհետև, դուք շատ բարի եք, որովհետև դուք առհասարակ ոչ մի վատ խոսք չեք կարող սառնասրտությամբ լսել, լինի այդ վատ խոսքն իմ մասին, թե...

Քալին մինչև անգամ զայրացած ոտը խփեց գետնին։