Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/527

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օրիորդ, խնդիրն ես դնում եմ պարզ և շեշտակի. ասացեք, կուզե՞ք իմ կինս լինել, թե ոչ։

Հարցումս, ըստ երևույթին, այնքան անսպասելի էր նրա համար, որ մի րոպե ծայր աստիճան ապշանքով նայում էր ինծ առանց պատասխանելու։ Հետո, երբ հարցումս կրկնեցի, նա տանջանքով դեմքը շրջեց ինձնից։

— Խնդրում եմ,— ասաց հազիվ լսելի ձայնով,— ինձանից ոչինչ մի պահանջեք։

— Ապա ումի՞ց պահանջեմ,— հարցրի։

— Ծնողներիցս։

Այժմ հերթը ինձ հասավ ապշանքով նայելու նրան։

— Բայց դուք խո գիտե՞ք, որ նրանք չեն համաձայնի մեր ամուսնությանը։ Հը՞, օրիորդ, լսո՞ւմ եք ինչ եմ ասում,— համառորեն կրկնեցի ես, տեսնելով, որ գլուխը կախ՝ չի ուզում պատասխանել.— խո գիտեք, որ նրանք չեն համաձայնի. այն ժամանակ ի՞նչ կանեք։

— Դե ես ի՞նչ կարող եմ անել,— համարյա լացագին շշնջաց նա:

— Դուք փալա՛ս եք ուրեմն,— դուրս թռավ բերնիցս և զայրույթի հանկարծական բռնկումով, ինքս ինձ կորցրած, բռունցքս այնպես պինդ զարկեցի սեղանին, որ վրան դարսած շիշն ու բաժակները խաղացին զրնգզրնգալով։

Քալին վախից ճչաց և վեր թռավ տեղից։ Մինչև այդ միանգամայն խաղաղ հրապարակում մի տարօրինակ շարժում ընկավ. ամենքի հայացքը մեր կողմը դարձավ։ Ես ու Քալին դարձանք ընդհանուրի հետաքրքրության առարկան։ Սկանդալը կատարյալ էր։ Զղջացի, բայց արդեն ուշ էր։

Ու երբ դեռ կատարելապես չէի ուշաբերվել, տեսնեմ Քալիի եղբայրը իր ընկերների հետ կանգնած է մեզ մոտ, չեմ իմանում զարմացած թե վախեցած, փոխն ի փոխ նայում է մեզ և ինչ-որ բան է հարցնում մերթ քրոջը, մերթ ինձ դիմելով, իսկ ես կանգնած եմ նրա առջև հանցավոր երեխայի պես միանգամայն ամոթահար և նվաստացած ու խոսք չեմ գտնում պատասխանելու։

Այդ դրությամբ էլ թողի ու հեռացա։ Կարծես մի շղարշ էր իջել աչքերիս կամ շուրջս մի թանձր մշուշ էր պատել, որի միջով անցնում էի ու ոչինչ չէի տեսնում։ Գնում էի ու չէի