Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/534

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համակերպեին իրենց հասկացողությունները, իրենց հայացքները, իրենց զգացումները, ճաշակը, հակումները... Կարելի բա՞ն էր միթե միացնել երկու հակառակ բևեռներ: Կարելի բա՞ն էր միթե նորաբողբոջ ծաղիկը տնկել հոտած, մգլած ճահճի մեջ...

Որ այդ ամուսնության մեջ մեղավոր էին Քալիի ծնողները, որ նրա կամքի և զգացումների վրա ամենաանխիղճ, ամենաբիրտ բռնություն էր կատարված ծնողների կողմից, այդ լույսի պես պարզ էր ինձ համար. բայց ինձ վերին աստիճանի զարմացնում էր այն հանգամանքը, թե մի՞թե Քալիի մեջ չկար ինքնուրույնության, ազատասիրության մի կայծ անգամ, որ դիմադրեր իր տգետ՝ անհասկացող ծնողների ստիպմունքին։ Հապա էլ ի՞նչ բանի էր պետք նրա ստացած կրթությունը, ուսումը։ Իսկ չէ՞ որ ուսման, կրթության ուժն ու զորությունը հենց այն է, որ մարդուն գիտակից է դարձնում, նրա մեջ ինքնուրույնություն է զարթեցնում, բարոյապես ինքն իր տերն է դարձնում նրան։ Նա կամքի այնքան ուժ չունեցավ, որ դիմադրեր ծնողներին իմ վերաբերմամբ, թեև անտարբեր չէր դեպի ինձ, գուցե մասամբ և վախեցավ այն բանից, որ մի թափառական չքավոր ուսուցչի կին լինելը շատ էլ վարդագույն հեռանկարներ չէր բանալու իր առջև. բայց մի՞թե կամքի այնքան ուժ էլ չունեցավ, որ բացեիբաց մերժեր հենց թեկուզ միմիայն տարիքով իրեն միանգամայն անհամապատասխան մարդու ձեռքը, ինչքան էլ որ այդ մարդը հարուստ լիներ։ Դրա համար խո կախաղան չէի՞ն հանի նրան։

Ուրեմն ճիշտ էր նրա երեսին շպրտած իմ խոսքը.— նա փալաս էր, կամքից, անհատականության, ազատասիրության զգացումից զուրկ մի արարած, մի խոսքով — քաղքենի հայ ընտանիքի մեջ մեծացած տիպիկ մի աղջիկ, որի մեջ ուսումը, կրթությունն ամեն բան փոխում է, բացի ստրկական ոգուց։ Եթե այդ ստրկական ատելի ոգին մոր կաթի հետ չէր ծծվել և արմատացել նրա մեջ, հապա էլ ո՞ր դեպքում պիտի արտահայտվեր, եթե ոչ ամուսնության խնդրում,— մի խնդիր, որը ոչ միայն իրեն՝ ամուսնացողի, այլև իր ամբողջ հետագա սերնդի բախտի հիմքն է դնում։