Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/536

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աղտեղություններով ծածկված մերկ գետնի վրա, մի-մի սեպ քար տակներն առած, նստոտած էին մի խումբ պառավ և ջահել կանայք, ոմանք ուղղակի բոբիկ ոտներով և գլխների փաթաթների ծայրերը ետ արած, որ մի քիչ հով փչի քրտնակոխ երեսներին։ Տոթը դուրս էր քշել նրանց իրենց խոնավ ու մութ տնակներից և նրանք եկել հավաքվել էին մեկտեղ իրենց առօրյա դարդերից խոսելու և բամբասանքների տոպրակը բանալու։ Նրանց շուրջը ականջ խլացնող ճիչ ու ծղրտոցով վազվզում էին բազմաթիվ երեխաներ, ոմանց հագին միայն մի շապիկ և ոմանց հագին միայն մի վարտիք։ Ինչպես երևում էր, այդ երեխաները շատ էին խանգարում կանանց՝ իրենց բամբասանքները հանգիստ շարունակելու և նրանք անեծքակոխ անելով շարունակ քշում էին իրենց մոտից այդ չարաճճիներին։ Չարաճճիները մի րոպե կորչում էին փողոցի այս կամ այն ծայրը և նորից ճիչ ու ծղրտոցով գալիս էին իրենց աղմկալի խաղը շարունակելու նրանց շուրջը։ Կանանցից մեկը, որ, ինչպես երևում էր, ամենից ջղայինը և անհամբերատարն էր, հանկարծ վեր թռավ տեղից, վազեց բռնեց երեխաներից ամենաչարաճճիին և սկսեց տուր թե կտաս նրա մերկ հետույքին՝ այնքան կատաղի կերպով, որ շրմփոցի ձայնը մեզ էր հասնում։ Երեխան երկար ժամանակ խլպլտում էր նրա ձեռքին, մինչև որ կարողացավ դուրս պրծնել և լաց լինելով փախավ։ Կինը, սիրտը հովացրած, եկավ նստեց իր տեղը, շարունակելով իր անլուր անեծքները երեխաների «ետ գցողների» հասցեին։ Ծեծված երեխայի ընկերներն ու ընկերուհիները հենց սկզբից ցրիվ էին եկել, անհետացել։

Փողոցը հազիվ մի քիչ հանգստացել էր չարաճճիների ճիչ ու ծղրտոցից, մեկ էլ տեսնեմ որտեղից որտեղ հանդես եկավ մի նոր կին, ինչպես երևում էր, ծեծված երեխայի մայրը։ Նրա ձայնը դեռևս հեռվից էր լսվում։ Գալիս էր կրակ կտրած աչքերով։ Եկավ ու սկսվեց։

Բանավեճը կամ, ավելի լավ է ասեմ, բառավեճը սկզբում ծեծված երեխայի մոր և նրա երեխային ծեծող կնոջ միջև էր։ Ասենք դա ավելի շուտ կատաղի մրցություն էր ամենաընտիր և մեծ տաղանդով շարահյուսված անեծքների,