Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/537

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոնց մեջ նույնիսկ հազվադեպ չէին տղամարդկանց բերնից ելնող և նրանց միակ սազական անհամեստ հայհոյանքներ։ Հետո մրցությանը սկսեցին մասնակցել և ուրիշները։ Մեկը մյուսի ետևից հանդես էին գալիս ընտանիքների այնպիսի կենսագրականներ, ուր «բոզը», «գողը», «կինտոն», «ղումարբազը», «չաթուքեսանը», «ջիբգիրը», «պիանիցը» և այլն, և այլն իրենց պատվավոր տեղն էին բռնել։

Բայց դա միայն նախերգանքն էր։ Շուտով սկսվեց և բուռն գործողությունը մի շատ փառավոր ապաթյոզով։ Երկուսի մենամարտը դարձավ ընդհանուր պատերազմ, որի մեջ չէր երևում ո՛վ էր հարձակվում և ո՛վ պաշտպանվում: Ձեռքեր էին, որ բարձրանում էին և իջնում շրմփոցով, քիթ ու պռունկ էր, որ ջարդվում էր, սուր-սուր եղունգներ էին, որ ցցվում էին մարմինների մեջ, շորեր էին, որ ծվիկ-ծվիկ էին լինում, գլխի փաթաթաններ էին, որ տրորվում էին ոտների տակ, մազեր էին, որ փունջ-փունջ պոկվում էին գլխներից և ցրիվ գալիս գետնին...

Թեև այս տեսարանը ինձ շատ լավ ծանոթ էր դեռևս վեց տարի առաջ՝ իմ նախկին տանտիրոջ բակից, նրա կնոջ՝ գիժ-Կեկելի շնորհիվ, բայց սա մի գրանդիոզ բան էր իմ նախկին տեսածների հանդեպ։ Ու մինչդեռ ես, կատարելապես ապուշ կտրած, դիտում էի կանացի այս պատերազմը, բարեկամս ծիծաղից փորը բռնած էր։

Էլ չդիմացա, վեր թռա տեղիցս, որ գնամ ամաչեցնեմ այդ խելագար կանանց և բաժանեմ իրարից, բայց բարեկամս վրա ընկավ թևիս և նստեցրեց տեղս։

— Կաց,— ասաց,— թե չէ՝ քեզ էլ այն օրը կգցեն, որ հատ ոտով կփախչես։ Սրանք այնպիսի ազազիլ արարածներ են, որ կատաղած ժամանակ մարդ կուտեն։ Դու չես ճանաչում սրանց։

— Սխալվում ես,— վրա բերի ես,— ես ոչ միայն ճանաչում եմ սրանց, այլև սրանց կարգին պատկանող ամենաազազիլներից մեկի շորշոփն եմ կրել անձամբ։

— Հա-ա՞,— ծիծաղեց բարեկամս,— շատ հետաքրքրական է։

— Ես քեզ կպատմեմ։ Բայց առայժմ պետք է վերջ տա՞լ այս խայտառակությանը, թե ոչ։