հետո, ի՛նչ կկարծեի, թե լաչակով կտեսնեմ նրան: Մորից ճանաչեցի, որ նա է, այն սոսկալի կնոջ երեսին նայելուց հետո միայն։ Այն մեկն էլ ախր նրա մայրն էր։ Իսկ այն պառավն անշուշտ սկեսուրը կլիներ։ Եվ տեսա՞ր ուր մտան։
— Տեսա։
— Եվ ի՞նչ ես կարծում՝ լաչա՞կ կդներ գլխին և գրբացների դռնե՞րը ման կգար։
— Ճիշտ է, լաչակ չէր դնի գլխին, իմ սիրելի հայկական Չացկի, բայց դեռ հարց է՝ գրբացների դռները չէ՞ր ման գա, արդյոք։ Որովհետև ինչքան էլ որ քո գաղափարները հալեցնեիր նրա գլխում, այնուամենայնիվ, քո գավառական քաղաքում հեռու-մոտիկ ազգական կամ հարևան այաններ ու աբլաներ կունենաս, որոնք կարիք եղած դեպքում կփսփսային նրա ականջին քեզնից ծածուկ և կտանեին իրենց ճամփով։
— Եվ մինչև ե՞րբ պիտի շարունակվի այս սոսկալի երևույթը։
— Մինչև ե՞րբ։ Մինչև որ, ինչպես երեկ էլ ասացի, մի նոր ջրհեղեղ գա և սրբի տանի քո գիժ-Կեկելների, քո այանների ու աբլաների ամբողջ սերունդը իր բարքերով, սովորություններով, նախապաշարումներով, իր աղոթքներով ու անեծքներով և այն տեսարաններով, որոնցից մեկին ես ու դու հանդիսատես եղանք երեկ երեկո հենց այս փողոցում և այժմ՝ գրբացի բակում։
— Իսկ մինչ ա՞յդ։
— Իսկ մինչ այդ ես ու դու իզուր կնստենք չանա թակելու։ Աշխարհասասան մի կատաստրոֆ, որ քար քարի վրա չթողնի,— ահա թե ինչ է հարկավոր։
Ինձ ուրիշ բան չէր մնում ասելու, եթե ոչ համաձայնելու բարեկամիս եզրակացությանը։