Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/552

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պայմանավորվեցինք, որ հենց առաջիկա շաբաթ երեկոյան, երբ ես բոլորովին ազատ էի, նա կգա ինձ մոտ և միասին կգնանք։ Ու գրեթե զոռով դուրս արի նրան:

2

Շաբաթ երեկոյան, ճիշտ նշանակված ժամին, Գարեգինը եկավ ինձ մոտ նույն սյուրտուկով, սպիտակ ժիլետով, այս անգամ ուրիշ կաս-կարմիր փողպատով, նոր սափրած դեմքով, անսովոր առույգ ու կենսուրախ։

Բայց նախ մի երկու խոսք այդ տարօրինակ երիտասարդի մասին։

Գարեգին Սիսակյանը քիչ թե շատ ունևոր ծնողների զավակ էր։ Թեմականի դասընթացն ավարտելուց հետո պատրաստվում էր գիմնազիական քննություն տալու, որ համալսարան մտնի, բայց որովհետև արդեն 21 տարեկան էր և չէր ուզում հասարակ զինվոր գնալ, մտավ յունկերական դպրոցը, որ վերջը սպա դառնա։ (Այն ժամանակ մեռած էին նրա ծնողները, և նա զրկվել էր, իբրև իր ծնողների միակ զավակը, զինվորագրությունից ազատվելու արտոնությունից)։ Բայց շուտով տեսավ, որ զինվորական դիսցիպլինան և չարքաշ կյանքը չեն համապատասխանում իր խառնվածքին, թողեց սպա դառնալու մտադրությունը և հակառակ ծայրն ընկավ — ուզեց կուսակրոն դառնալ։ Այդ բանի համար գնաց Էջմիածին, բայց երեք ամիս հետո վերադարձավ կատարելապես հիասթափված կուսակրոնների անբարոյական կյանքից։ (Էջմիածնում նա իջել էր իր հոր հին ծանոթ մի եպիսկոպոսի մոտ, որի սենյակից մի գիշեր դուրս էր փախել ներքնաշորով)։ Այնուհետև մի տարի անգործ մնալով չէր իմանում ինչ անի, վերջը մտավ պետական կալվածքների տեղական վարչությունը իբրև հասարակ պաշտոնյա չնչին ռոճիկով։ Նա կարոտ չէր, իհարկե, այդ ռոճիկին, քանի որ, միակ զավակը լինելով, հոր ամբողջ կարողությունը, բանկում պահ տրված զուտ դրամով, իրեն էր մնացել իբրև ժառանգություն։ Իսկ այդ կարողությունն այնքան շահ էր բերում, որ նա կարող էր առանց կողմնակի եկամուտի էլ լավ ապրել, մանավանդ, որ շատ համեստ,