Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/555

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նայում նրան, ուրեմն ո՞րտեղից գիտես, թե այդ ժամանակ նա ավելի մեծ է երևում։

— Զգում եմ։ Դու չե՞ս փորձել, շատ բան մարդ տեսնում է զգալով։ Օրինակ, պատը որ փուլ է գալիս, դու, չնայելով որ աչքերդ բնազդաբար փակում ես, բայց և այնպես ամենայն մանրամասնությամբ տեսնում ես, թե ինչպես դղրդյունով գալիս է տակովն է անում քեզ։

— Դու այդ փորձե՞լ ես,— ծիծաղեցի ես։

— Չէ, բայց պետք է որ այդպես լինի հոգեբանորեն, ուրիշ կերպ չի կարող լինել։

Չգիտեմ ինչու, ակամա փորձող հայացքով նայեցի նրա աչքերին։

— Լսիր, Գարեգին,- ասացի,- եկ խոստովանիր, որ թեև նշանվել ես և այն գիշերն էլ հիացմունքով էիր խոսում նրա մասին, բայց... վախենում ես նրանից։

— Ի՞նչպես թե վախենում,— հարցրեց մեքենայաբար, բայց նկատեցի, որ շփոթվեց։

— Վախենում, է՛լի, ուղղակի վախենում, ինչպես հարցաքննության ժամանակ աշակերտը կվախենա ուսուցչից։ Եվ այդ է պատճառը, որ նրա պինդ-պինդ նայելիս՝ դու չես կարողանում նայել նրան։

— Այո, մի տեսակ ճնշվում ես։

— Եվ դարձյալ դրա համար է, որ նա ավելի մեծ է երևում, երբ պինդ-պինդ նայում է քեզ։

— Այո, զարմանալի է, կարծես,— շատ ճիշտ նկատեցիր,— դասը չիմացող աշակերտ լինեմ ուսուցչի առաջ կանգնած։ Մի տեսակ կուչ եմ գալիս ոչ միայն մարմնով, այլև հոգով։

— Այդպես։ Որովհետև զգում ես, որ նա բարոյապես մեծ է, բարձր է քեզնից, չէ՞։

— Ինչպես թե բարոյապես։

— Այսինքն իր ներքին ուժով,— կամքով, բնավորությամբ, խելքով։

— Անցյալ գիշեր հո ինքս ասացի, որ շատ խելոք աղջիկ է։

— Այսինքն զգում ես, որ խելոք աղջիկ է, որովհետև կարծում եմ, նրա խելքը դեռ չես չափել։