Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/558

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երեք ճյուղի բաժանված մի հատիկ ոտը,— սենյակում կային գահավորակի այս ու այն կողմը դրված երկու բազկաթոռ, որոնցից մեկի բազուկը կոտրված էր, մի դյուժինի չափ աթոռ, երեք հայելի՝ մեկը հորիզոնական ձևով գահավորակի գլխին պատից թեք կախած, մյուս երկուսն իրար դեմուդեմ պատն ի վեր ցից կանգնած, ինչպես վարսավիրանոցում. վերջիններիս տակ դրված էր թղթախաղի ծալովի մի-մի սեղան, որոնցից յուրաքանչյուրի վրա բազմած էին մի-մի զույգ բրոնզե ժանգոտ շամդան չվառված մոմերով և ապակյա ցոլուն գինդերով. իսկ հատակի վրա, այդ բոլոր կահավորանքի տակ, պատից պատ փռված էր մի շատ ընդարձակ գորգ՝ հնությունից խավը մաշված և տեղ-տեղ թելերը դուրս թափված։ Պատերից մեկի մեջ նկատեցի երկու պահարան, որոնց գոյությունը ծածկելու համար դռներին կպցրած էր միևնույն պաստառը, ինչ որ պատերին։ Սեղանի վրա դրված էր մի ալբոմ և մի գիրք սև կաշեպատ կազմով։

Գարեգինը վերցրեց գիրքը, բաց արեց և իսկույն մեկնեց ինձ, ասելով.

— Ահա՜, որ ասում էի։

Գիրքն առա և նայեցի։

— Ի՞նչ էիր ասում։

— Որ շատ կրթված աղջիկ է։

Գիրքը Ժյուլ Սիմոնի «Բանվոր կինը Եվրոպայում» գրվածքի ռուսերեն թարգմանությունն էր։

— Ի՞նչ ես կարծում,— ասացի,— մոռացմա՞մբ է դրել այստեղ, թե դիտմամբ։

— Ինչո՞ւ դիտմամբ։

— Որ ցույց տա, թե՝ տեսեք ինչպիսի գրքեր եմ կարդում։

— Ո՞վ գիտե:

Ու նորից սուս արինք։

Ես դիտում էի բարեկամիս։ Անհանգիստ դրության մեջ էր և մի քիչ էլ շփոթված, երևի այն պատճառով, որ ինձ հյուր բերելով՝ ոչ ոք չէր դիմավորել և ոչ ոք ներս չէր գալիս։ Խոսում էր կամաց և հանդարտ, կես անհամբեր, կես վախկոտ հայացք էր գցում դեպի հարևան սենյակի դուռը,