Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/560

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այնտեղից: Պարզ տեսնում էի, որ սուտ էր ասում. ուզում էր մի կերպ արդարացնել իրենց տարօրինակ հյուրընկալությունը և ծածկել այն անախորժությունը, որ պատահել էր հարևան սենյակում։

Բայց այդ անախորժության տպավորությունը դեռևս այնքան թարմ էր, որ երբ նստեցինք, ոչ մեկս չկարողացանք որևէ խոսք արտասանել։ Դրությունը չափազանց անհամ էր, լռությունը՝ խիստ ճնշող։

— Ո՞րտեղ է Սառան,— վերջապես առաջինը խոսեց Գարեգինն այնքան կամաց, որ կարծես հարևան սենյակում հիվանդ կար պառկած։

— Սառան իսկույն գուքա,— պատասխանեց զոքանչը, ոլորելով գիրուկ թշերին կախ ընկած շագանակագույն հաստ կավիքները։

— Իսկ հայրի՞կը:

Գարեգինը իր ապագա աներոջն արդեն հայրիկ էր անվանում։

— Շաբաթ գիշերները նա մի փոքր ուշ է տուն գալի,— կարճ պատասխանեց զոքանչը։

Խոսակցությունն այդ եղանակով շարունակվեց մի կարճ ժամանակ, մեջընդմեջ ընդհատումով։ Նկատում էի մի ընդհանուր տրամադրություն.— ամենքս էլ սպասում էինք Սառային, և ես՝ ամենից անհամբեր։

Վերջապես մտավ և նա։

4

Եթե նախապատրաստված չլինեի Գարեգինի պատմածով, կկարծեի, թե մտնողը ոչ թե մի օրիորդ է, այլ հասուն մի կին՝ միջահասակ ու բարեկազմ, և բարակ, ճկուն իրանին անհամաչափ փարթամ, սննդատու կրծքով։ Եվ առաջին իսկ հայացքից լիովին ըմբռնեցի, թե ինչու Գարեգինը սիրահարվել էր նրա վրա «տեսնելուն պես», թեև այդ երեկո ապարդյուն անցավ իմ աշխատանքը՝ գտնելու համար նրա աչքերի մեջ այն «լացող հայացքը», որ այնպես գերել էր բարեկամիս։ Այդ հայացքն, ընդհակառակն, շատ լուրջ էր, կասկածոտ ու թափանցող և նրա նուրբ գծված, մաքուր