Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/562

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մոռացնել կտամ ձեզ ամուսնացող աղջկա վրա իբրև ծախու ձիու վրա նայելու ձեր գարշելի սովորությունը»։

Ա՞յս էր ասում արդյոք նրա հայացքը, թե՞ այդ հայացքի ազդեցության տակ ես էի նրա փոխարեն այդպես մտածում,— չգիտեմ, միայն ակամա շփոթված՝ հեռացրի նրանից իմ դիտողի հայացքը, զգալով, որ առջևս նստած է «ծախու ձիերից» հազարից հազիվ մեկը, որ ծայր աստիճան նախանձախնդիր է իր մարդկային արժանապատվության և գիտե, թե ինչպես պետք է հակահարված տալ իր այդ արժանապատվությունը նվաստացնողներին։

Աղջկա ներս մտնելուց մի կարճ ժամանակ հետո մայրը վեր կացավ, ինչ-որ փսփսաց նրա ականջին և, ներողություն խնդրելով մեզնից, դուրս գնաց։ Սառան նրան ճանապարհ դրեց մի երկար, անհաշտ հայացքով։ Պարզ երևում էր, որ ատում էր մորը և ամենևին չէր ծածկում այդ բանը։

Գարեգինը, կարծես հանկարծ հիշելով, վեր թռավ, գրպանից հանեց ականջի օղերի տուփը, բաց արեց և բռնեց ճրագի դիմաց այնպիսի մի ձևով, որ կարծես ուզում էր մեկուսի և բավական հեռու նստած հարսնացուին հրապուրելով մոտեցնել։ Ադամանդներն օղերի մեջ ճրագի լույսի տակ պսպղացին խոշոր աստղերի բոլոր ցոլուն երանգներով։

— Այս մեր խաչեղբոր նվերն է,— ասաց Գարեգինը և, նայելով ինձ, չգիտեմ՝ հիմարաբա՞ր, թե խորամանկորեն՝ ժպտաց։

Ապշած նայեցի նրան. թե կատակ էր անում, շատ հիմար կատակ էր։ Իմ լուրջ և հանդիմանական հայացքի ազդեցության տակ երևի հասկացավ իր հիմարությունը և կարմրեց, բայց շարունակում էր ժպտալ։

— Բարեկամս կատակ է անում, օրիորդ,— ասացի դառնալով Սառային,— այդ ինքն է նվեր բերել ձեզ համար։

— Որ դու հիմարություն անվանեցիր,— չգիտեմ որտեղից և ինչու համար հնարելով, վրա բերեց Գարեգինը և այս անգամ խնդաց։

Սառան փոխնիփոխ նայում էր մերթ ինձ, մերթ Գարեգինին։ Ըստ երևույթին, շատ զարմացած էր և չէր հասկանում, թե ինչ ենք խոսում մենք։ Նա ոչ միայն չմոտեցավ,