Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/565

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես... ներողություն... Ես չէի կարծում... Հարցրի այնպես... Որ գիտենայի... իզուր...

— Խնդրեմ ինձ հետ դու-ով չխոսեք,— հանկարծ ընդհատեց նրան Սառան այնպիսի մի եղանակով, որ ինձ թվաց, թե այդ խոսքերի տեղ եթե ապտակ տար, տպավորությունը միևնույնը կլիներ։

Խեղճ բարեկամս գույնը նետեց և պապանձվեց։ Այդ րոպեին այնքան արգահատելի տեսք ուներ նա, և այդ տեսարանն ընդհանրապես այնքան ճնշող էր ինձ համար, որ ի՛նչ չէի տալ, միայն թե ներկա չլինեի։ Եվ աստված գիտե, թե ինչով պիտի վերջանար այս տարօրինակ ընդհարումը նոր նշանված զույգի միջև (հոգիս պարզապես մի շատ վատ սկանդալ էր գուշակում), եթե, բարեբախտաբար, չմտներ այդ րոպեին Սառայի հայրը։

Խեղճ բարեկամս այնքան էր շփոթված, որ բոլորովին մոռացավ ինձ ներկայացնելու իր աներոջը։ Ուստի ներկայացա ինքս անձամբ։

5

Բարձրահասակ, բայց մեջքից կորացած մի ժիր ծերունի էր Բաղիրյանը, արծաթի պես սպիտակ մազերով և կենսուրախ հայացքով։ Նայելով նրա խորամանկ, ծիծաղկոտ աչքերին, թվում էր, թե երբեք ոչ տխրել է, ոչ էլ բարկացել։ Ինձ ընդունեց վերին աստիճանի սիրալիր կերպով և առաջին իսկ խոսքերից այնպիսի մի տրամադրություն ստեղծեց իմ մեջ, որ կարծես շատ հին բարեկամներ էինք։

Երբ, առաջին ծանոթության սովորական խոսքերը փոխանակելուց հետո, տանտիրոջ հրավերով նորից նստեցի, տեսա Սառան այլևս չկա սենյակում։

— Օհո՜, սուվենի՞ր,— բացականչեց Բաղիրյանը, տեսնելով սեղանի վրա, բաց տուփի թավշյա բարձիկի մեջ խրված ոսկե օղերը և մի քննական հայացք գցեց նախ ինձ, հետո փեսայի վրա, կարծես կամենալով առանց մեր թելադրության իմանալ, թե ո՛ւմ ընծան էր։ Հետո մի «ըհրմ» արավ, ժիլետի գրպանից հանեց ակնոցը, դրեց քթին, վերցրեց տուփը, մոտեցրեց լույսին և սկսեց դիտել ակնոցի մերթ