Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/568

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մարգարյան, այսպիսի բան կարելի՞ է,— դիմեց ինձ Բաղիրյանը և ինքն էլ պատասխանեց իրեն,— իհարկե ոչ։ Հա՛, այս մեկը ճիշտ է, որ Սառան ուրիշների պես հիմար չէ,— ավելացրեց նա, նորից դառնալով Գարեգինին,— և իսկույն վրա չէր ընկնի ուրախացած, նա ծանրաբարո, խելացի, ինտելիգենտ աղջիկ է, որի համար այսպիսի զիզիբիզի բաները կարող են այնքան էլ նշանակություն չունենալ։ Բայց և այնպես, էլի եմ ասում, նա կին է, հասկանո՞ւմ ես, կին. և մեկ անգամ որ բերել ես այս ընծան, արդեն գիտե, որ սա իրենն է, իր սեփականը և մենակ մնացած ժամանակ էլ շատ լավ կարող է տնտղել, անցկացնել ականջներին, շուռումուռ գալ հայելու առջև և ուրախանալ։ Հը՞, ճիշտ չե՞մ ասում, պարոն Մարգարյան։

Քաղաքավարությունը ստիպում էր ինձ հավանություն տալ այդ շատախոս ծերունու խոսքերին, մանավանդ որ,— այդ բանը տեսնում էի նրա ինձ վրա նետած խորհրդավոր հայացքներից և խոսակցության եղանակից,— նա ուզում էր, որ ես օգնեմ իրեն փեսացուի կոտրված սիրտը տեղը գցելու։

Մտավ Բաղիրյանի կինը, կավիքները ոլորելով։ Օղերը տեսնելուն պես նրա աչքերը փայլեցին, չգիտեմ՝ հիացմունքի՞ց, թե նախանձից։ (Սպիտակահեր ամուսնու մոտ այդ կինը ավելի ևս ջահել երևաց իմ աչքին)։

Գարեգինի տրամադրությունը բոլորովին բացվեց, և ես նորից տեսա նրան առաջվա պես պարզամիտ, սրտաբաց, ուրախ ու շատախոս, կարծես ոչինչ չէր պատահել։

Բայց նրա ուրախ տրամադրությունը նորից խանգարվեց շուտով, խանգարողը դարձյալ իր հարսնացուն էր։

Սկսվել էր մի ընդհանուր կենդանի խոսակցություն, երբ մտավ Սառան մատուցարանը ձեռքին, որով թեյ էր բերում։

Գարեգինը, որ, ոտի կանգնած, իրեն հատուկ պարզամտությամբ ինչ-որ փիլիսոփայություններ էր դուրս տալիս, հարսնացուին տեսնելուն պես լռեց, ինչպես հանկարծ լռում է չարություն անող աշակերտն ուսուցչին տեսնելիս, և նստեց, մի վախկոտ հայացք գցելով նրա վրա։

Մի անհարմար լռություն տիրեց սենյակում։ Եվ այդ ընդհանուր լռության մեջ Սառան սկսեց բաժանել բաժակները կենտրոնացած հայացքով, առանց ոչ ոքի նայելու։ Ինձ