Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/576

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Իհարկե, «դու»-ի օգտին։ Հա՛, մի անգամ հարցրի նրան, թե ի՞նչ էր նշանակում այն գիշերվա օյինները, ասաց, որ լավ է այդ մասին ոչինչ չհարցնեմ, որովհետև ինքը շատ է զղջում և ամաչում իր արարքից, մանավանդ որ այդ բանը թույլ էր տվել իրեն քո ներկայությամբ։ «Ինչ անեմ,— ասաց, շատ ջղային եմ և այն գիշերն,— ասաց,— շատ վատ տրամադրության մեջ էի»։ Բայց գիտե՞ս ինձ ինչն է զարմացնում. հո տեսար՝ ինչքան խոհուն, լուրջ աղջիկ է, բայց երբեմն այնպիսի բաներ է անում, որ կարծես երեխա լինի։

— Ի՞նչ, այդ էլ նո՞ր բան է,— հարցրի։

— Օրինակ, երեկ շոկոլադ էի տարել, նստած՝ միասին էինք ուտում։ Երկու հատ ինքն իր ձեռքով դրեց բերանս։ Հետո, մի հատ էլ որ ես էի ուզում դնել նրա բերանը, մատս կծեց և ծիծաղեց։ Ծիծաղելիս էլ ուրիշ տեսակ է ծիծաղում. ծիծաղում է հանկարծ և հանկարծ էլ լուրջ դեմք առնում։ Իսկ անցյալ օրը Մուշտայիդ էինք գնացել գբոսնելու։ Իջանք գետափը։ Սկսեց քարեր շպրտել գետի մեջ կռկռացող գորտերի վրա։ Հետո մի քար էլ վերցրեց, պատրաստվեց նետելու և ասաց. «Ձեռքիս նայիր»։ Նայեցի։ «Ո՞ր ձեռքով եմ գցում», հարցրեց։— Աջ.— ասացի։ Քարն ուժգին թափով նետեց այս անգամ գետի կողմը։ Ու նետելուց հետո հարցրեց. «Ոչինչ չնկատեցի՞ր»։— Ի՞նչ,— հարցրի։ «Չնկատեցի՞ր,— ասաց,— որ աջ ձեռքս շարժում եմ ձախլիկ մարդու պես»։ Եվ որովհետև չհասկացա նրա խոսքերի իմաստը, այսպես բացատրեց. կանայք առհասարակ ձեռքի ճարպիկ և ուժգին թափ չունեն. նրանք աջ ձեռքով մի բան շպրտում են այնպես, ինչպես տղամարդը ձախ ձեռքով կշպրտի, նրանց մկանների ուժը բնությունից, թե դաստիարակությունից ընդարմացած է, և դրա համար է, որ կանայք առհասարակ չեն կարողանում վրեժ լուծել իրենց վիրավորողից, ինչպես տղամարդը կլուծի։

— Լավ, քարեր նետելն ի՞նչ կապ ուներ այդ խոսքերի հետ,— հարցրի ես։

— Ես ի՛նչ գիտեմ,— ասաց Գարեգինն ուսերը թոթվելով և շարունակեց։— Հետո, գետափից որ բարձրացանք վերև, նստեցինք մի նստարանի վրա, հովանոցի ծայրով մի բան գծագրեց հողի վրա և հարցրեց։— «Այս ինչ է»։ Շուն