Մինչև վերջին րոպեն էլ չէի հավատում, թե ամուսնությունը գլուխ կգա, գլխավորապես այն ծայր աստիճան անբարենպաստ տպավորության պատճառով, որ թողել էր ինձ վրա Սառան իմ առաջին այցի ժամանակ իր բնավորության նկատմամբ։
Բայց այդ ամուսնությունը ոչ միայն գլուխ եկավ, այլև պսակի գիշերը Սառան իր պարկեշտությամբ, իր տխուր-մտախոհ հեզությամբ կարող էր օրինակելի նորահարս լինել։ Ապշած էի մնացել.— ո՞ւր էր չքացել նրա դեմքի վանող արտահայտությունը, նրա այնքան ջղային, անհրապույր վարմունքը։ Ինձ թվում էր, թե կամ մի հրաշքով վերածնվել էր Սառան, կամ իմ առջև տեսնում էի մի բոլորովին այլ աղջիկ, որը ոչ մի բանով չէր հիշեցնում ինձ իմ տեսած Սառային։
Այդ գիշեր միայն տեսա, թե որքան սքանչելի էր նրա գեղեցկությունը հարսանեկան սպիտակ զգեստի մեջ։ «Նրա գլուխը... գիտե՞ս ինչ բան է նրա գլուխը»— ակամա միտս եկան Գարեգինի խոսքերը, երբ ներս մտա պայծառ լուսավորված հյուրասենյակը և տեսա այդ խորհրդավոր աղջկա լայն, խոհուն, փղոսկրի սպիտակությամբ փայլող ճակատը գագաթին հավաքած շքեղ սև մազերով, սպիտակ շղարշի փրփուրների մեջ։ Մի հավերժահարս էր, որի առջև իսկապես պետք էր ծունկ խոնարհել և սքանչացման, սրբազան երկյուղածության ու պաշտամունքի խոսքեր մրմնջալ։ Ու նոր հասկացա, և այս անգամ բնավ ծիծաղելի չթվաց ինձ, թե ինչու Գարեգինը սիրո էքստազի մեջ մոմ էր վառում նրա առջև, ծնրադրում ու համբուրում այն գետինը, որի վրա ոտք էր դնում նա։
Մայիսյան ծաղիկների մի շքեղ փունջ էի տարել։ Մատուցի։ Ընդունելիս մեղմորեն ժպտաց և գլխի թեթև խոնարհումով շնորհակալություն հայտնեց։
Այդ գիշեր մի տարօրինակ վախկոտություն էի նկատում Գարեգինի մեջ. ման էր գալիս ոտների մատների վրա, շատ չէր խոսում, շուտ-շուտ կարմրում էր և քրտնում, երբ աները իրեն հատուկ բարեսրտությամբ որևէ նկատողություն էր անում կատակով։ Բայց այդ բոլորի հետ միաժամանակ