Սառան, հակառակ սպասածիս, ինձ ընդունեց բավական սառն կերպով։ Իսկույն մտքովս անցավ, որ Գարեգինն իր անհեռատես պարզությամբ, անշուշտ պատմել էր նրան, թե ինչ կարծիք էի կազմում նրա մասին ամուսնությունից առաջ և ինչ խորհուրդ էի տալիս իրեն։ Եվ այն ուրախ տրամադրությունը, որ հաղորդել էր ինձ Գարեգինն իր աղմկալի ընդունելությամբ, միանգամից կոտրվեց Սառայի այդ անբարեհաճ ընդունելության հանդեպ։ Զղջացի, թե ինչու այդ բանը չէի նախատեսել և Գարեգինին չէի նախազգուշացրել, որ ամուսնությունից առաջ Սառայի մասին մեր միջև եղած խոսակցությունը պահի իր համար: Բայց էլ ի՞նչ կլիներ։ Այժմ, քանի որ բանը բանից անցել էր, պետք է ամեն կերպ աշխատեի ցույց տալ Սառային, որ ես ոչ միայն փոխել եմ իմ կարծիքն իր մասին, այլև չափազանց հարգում եմ իրեն և շատ ուրախ եմ, որ նրան իմ ընկերոջ ամուսինն եմ տեսնում։ Բարեբախտաբար, այդ շատ էլ դժվար չեղավ. Գարեգինն իր սիրահարվածի և մեղրամիսը վայելող երջանիկ ամուսնու խանդավառ ոգևորությամբ, որով ակամա վարակում էր դիմացինին, մի տեսակ հաշտեցնողի, մերձեցնողի դեր էր կատարում իմ ու Սառայի միջև:
— Հավանում ես, չէ՞, մեր այս բնակարանը և այս տեսարանը,— ասաց Գարեգինը՝ ցույց տալով Կովկասյան լեռներն այնպիսի մի պարծենկոտությամբ, որ կարծես այդ բնակարանն էլ, այդ տեսարանն էլ իր ստեղծագործության արդյունքն էին։— Տես, որքան պարզ է հորիզոնը, ամպի նշույլ անգամ չկա, և ինչպես պսպղում են այն վիթխարի սարերն իրենց սպիտակափառ գագաթներով. ձյուն չէ, կարծես, այլ արծաթի մի հսկայական զանգված։ Հենց նոր ես ու Սառան ծրագրում էինք այս ամառ մի ճանապարհորդություն կատարելու այդ կողմերով դեպի հյուսիս և գուցե այնտեղից էլ դեպի արտասահման: Դու անցել ես, չէ՞, Ռազմավիրական ճանապարհով։ Ի՜նչ հրաշք ու հրաշալիք, ի՜նչ սարսափ ու հիացք. այդ գահավեժ անդունդները, այդ ահավոր գագաթները, որոնք թռել էին երկինք և կորել ամպերի մեջ: Վերևը երկինք, ներքևը, անդունդների երախի մեջ գալարվող գոռ գետը, որ իր կատաղի վազքով թնդացնում է այդ անդունդները կատաղության փրփուրը բերանին. իսկ մեջտեղը